Տիբեթում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 95-ի, վիրավորների թիվը՝ 130-ի

13:58, 07.01.2025

Տիբեթում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 95-ի։ Ըստ տեղեկությունների՝ աղետի հետեւանքով տուժել է 130 մարդ։

Երկրաշարժի էպիկենտրոնից 20 կիլոմետր շառավղով երեք քաղաք և 27 գյուղ կա, որտեղ ապրում է մոտ յոթ հազար մարդ։

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ Տիբեթի սուրբ Շիգացե քաղաքում տեղի ունեցած երկրաշարժը 7,1 մագնիտուդ ուժգնությամբ է և պատճառել վերջին տարիներին Չինաստանի տեսած ամենամեծ զոհերից մեկը։ Աղետը ավերել է տներ և շինություններ։ Երկրաշարժի հետեւանքով ավելի քան 1000 շենք է վնասվել։

Չինաստանի օդերևութաբանական վարչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնին մոտ գտնվող Տինգրի շրջանում ջերմաստիճանը մինուս ութ աստիճան է և այսօր երեկոյան կնվազի մինչև մինուս 18։ Մարզում խաթարված է ինչպես էլեկտրաէներգիայի, այնպես էլ ջրամատակարարումը։ Չինաստանի ռազմաօդային ուժերը տուժած տարածքում սկսել են փրկարարական աշխատանքները։

Երկրաշարժեր հաճախ են տեղի ունենում տարածաշրջանում, որը գտնվում է խոշոր երկրաբանական խզվածքի գծում: Շիգացեն համարվում է Տիբեթի ամենասուրբ քաղաքներից մեկը։ Դա տիբեթյան բուդդիզմի գլխավոր գործչի՝ Պանչեն Լամայի ավանդական նստավայրն է, որը հոգևոր հեղինակությամբ զիջում է միայն Դալայ Լամային։

Նմանատիպ