Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ թուրք-հայաստանյան սահմանը կբացվի Հայաստանում ընտրություններից և սահմանադրական փոփոխություններից հետո
Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կբացվի հունիսի 7-ին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններից և երկրում սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը թուրքական «Ջումհուրիեթ» թերթին տված հարցազրույցում։
Դեսպանը նշել է, որ Ադրբեջանը մշտական կապի մեջ է Թուրքիայի հետ, և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ շարունակվում է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Նրա խոսքով՝ սպասվում է, որ հունիսի 7-ին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո «Հայաստանի Սահմանադրությունը կվերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները» սահմանադրական փոփոխությունների միջոցով։
Ռաշադ Մամեդովը նաև հայտարարել է, որ դրանից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր, որը համաձայնեցվել է Միացյալ Նահանգներում։ Ադրբեջանցի դիվանագետի խոսքով՝ այս գործընթացի ավարտից հետո կբացվեն նաև հայ-թուրքական, իսկ ավելի ուշ՝ հայ-ադրբեջանական սահմանները։