Թուրքիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը վիդեո-կոնֆերանս են անցկացել ղարաբաղյան հակամարտության թեմայով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վիդեո-կոնֆերանս են անցկացել ղարաբաղյան հակամարտության թեմայով:

Թուրքական մամուլի փոխանցմամբ, Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անգելա Մերկելին ասել է, որ Հայաստանը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղի հողերի բռնազավթումը և հակամարտությունը կարգավորելու համար անհրաժեշտ է կատարել ՄԱԿ-ի բանաձևերը:

Երկու երկրների առաջնորդները ընդգծել են նաև Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում տիրող իրավիճակը: Թուրքիայի նախագահը գերմանացի գործընկերոջն ասել է, որ Եվրամիության վերջին գագաթնաժողովին Հունաստանը և Կիպրոսը շանտաժի էին ենթարկում Եվրամիությանը: Էրդողանը նաև նշել է, որ Եվրամիության որոշ անդամ երկրների չար շահերին չպետք է զոհաբերվեն Եվրամիության շահերը: Գերմանիան Մերկելի և Էրդողանի վիդեո-կոնֆերանսի մասին պաշտոնական տեղեկություն դեռևս չի տարածել: