Թուրքիայի առևտրի նախարարությունում հայտարարում են, որ իրենց հիմնական նպատակներից մեկն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև տարանցման ընթացակարգերի պարզեցումն է, ինչը նաև նոր ներդրումներ կբերի

17:35, 28.09.2026

Մեր հիմնական նպատակներից մեկն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև տարանցման ընթացակարգերի պարզեցումն է, սահմանային անցակետերում սպասման ժամանակի վերացումը և այս երկրների կողմից միջազգային չափանիշների ներդրման միջոցով առևտրի ու տարանցման գործընթացների խթանման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը, – այս մասին Թուրքիայի առևտրի նախարարի տեղակալ Սեզայի Ուչարմաքը հայտարարել է լրագրողներին Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի կառավարությունների միջև մաքսային հարցերով եռակողմ կոմիտեի 5-րդ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ նշված երեք երկրները շատ կարևոր դիրք են զբաղեցնում ինչպես միջազգային տարանցման և բարիդրացիական հարաբերությունների շրջանակներում, այնպես էլ Արևելք-Արևմուտք առևտրում։

Սեզայի Ուչարմաքի հայտարարությամբ՝ բոլոր երեք երկրներում էլ նշանակալի ներդրումներ են իրականացվում ավտոմոբիլային, երկաթուղային և ծովային տրանսպորտի ենթակառուցվածքներում։

«Մենք դա հստակ տեսնում ենք։ Երբ ժամանակ առ ժամանակ այցելում եմ Վրաստան, հետևում եմ ճանապարհների զարգացմանը։ Մենք նույն զարգացումն ենք տեսնում ենթակառուցվածքներում նաև Ադրբեջանում։ Այստեղ մի բան պետք է նշենք. Արևմուտքում սպառումն է, իսկ Արևելքում իրականացվում է արտադրությունը։ Բնականաբար, այս ուղղությամբ բեռների և ապրանքների նշանակալի շարժ կա։ Այնուամենայնիվ, այն աշխարհագրական դիրքում, որտեղ մենք գտնվում ենք, մասնավորապես այն երթուղու վրա, որը մենք անվանում ենք Միջին միջանցք, ընդհանուր տարանցիկ թողունակությունը ներկայումս բավականին ցածր է։ Եթե ենթակառուցվածքն էլ ավելի զարգանա, ընթացակարգերը պարզեցվեն, և բոլոր գործընթացները ներդաշնակեցվեն միմյանց հետ ու հայտնվեն միասնական համակարգում, մենք հավատացած ենք, որ այս տարանցիկ շարժն էլ ավելի կաճի։ Ես սա չեմ գնահատում միայն փոխադրման տեսանկյունից։ Այս գործընթացը նաև նոր ներդրումներ կբերի։ Քանի որ ապրանքային առևտրին բնորոշ է հետևյալ հատկանիշը. անհնար է նշանակալի տնտեսական արժեք ստեղծել միայն ապրանքը մի կետից մյուսը տեղափոխելով»,- հայտարարել է նա։

Նմանատիպ