Թենգիզ Ցերցվաձե. Նոյեմբերի վերջին կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը կարող է գերազանցել 3000-ը
Թենգիզ Ցերցվաձե. Նոյեմբերի վերջին կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը կարող է գերազանցել 3000-ը

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի խոսքով, կորոնավիրուսի դեպքերն ամեն օր ավելանում են ինչպես աշխարհում, այնպես էլ` Վրաստանում:

Ըստ Ցերցվաձեի, սպասվում է դեպքերի աճ և Վրաստանում օրական վարակվելու ցուցանիշը կարող է գերազանցել 3000-ը, ինչը լուրջ մարտահրավեր է առաջացնում երկրի և, առաջին հերթին, կլինիկական ոլորտի համար:

«Դուք կարող եք տեսնել, որ նոր դեպքերի շատ բարձր ցուցանիշ կա, դրանք դեռ աճում են, և ինչպես մեզ ասում են համաճարակաբանները, այս ոլորտի մասնագետները, կանխատեսումն այն է, որ աճը կարող է շարունակվել մինչև նոյեմբերի վերջ, և նոր դեպքերի թիվը կարող է գերազանցել 3000-ը: Բնականաբար, սա լուրջ մարտահրավերներ է առաջացնում երկրի, առողջապահության ոլորտի և այս փուլում առաջին հերթին կլինիկական հատվածի համար, քանի որ հիվանդների թվի ավելացումը ուղղակի բեռ է կլինիկական ոլորտի համար:

Նախ ուզում եմ ասել, որ սա ոչ միայն Վրաստանի խնդիրն է, այլ իրավիճակը նույնն է ամբողջ աշխարհում: Աշխարհում ամեն օր գրանցվում են նոր դեպքերի նոր ռեկորդներ: Մի քանի օր առաջ աշխարհում նոր դեպքերի թիվն առաջին անգամ գերազանցեց 600 000-ը: Հաստատվում են նաև մահացության ռեկորդներ, Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրները գտնվում են ծանր իրավիճակում, և նույնը կատարվում է Վրաստանում: Վրաստանում այս իրավիճակի, այսինքն՝ դեպքերի ավելացման համար մի փոքր ավելի վատ պայմաններ կան, քանի որ գործնականում Եվրոպայի բոլոր երկրները հայտարարել են ամբողջական կամ մասնակի արգելափակում: Վրաստանը հրաժարվել է հայտարարել արգելափակում, համենայն դեպս՝ դեռևս», – հայտարարել է Ցերցվաձեն:

Ըստ Ցերցվաձեի, արգելափակումից հրաժարվելու որոշումը Վրաստանի իշխանությունը կայացրել է՝ հաշվի առնելով բնակչության շահերը, էկոնոմիկայի համար բացասական հետևանքները և ընտրական գործընթացը:

«Երկիրն այս որոշումը կայացրել է բնակչության շահերից ելնելով, քանի որ բնակչությունը շատ բացասաբար էր վերաբերվում հնարավոր արգելափակմանը, երկրորդն այն է, որ դա անխուսափելիորեն տնտեսական խնդիրներ կառաջացներ, ռեցեսիա, որը կազդեր բնակչության կենսամակարդակի վրա, երրորդ – ընտրությունների գործընթացը շարունակվում էր և շարունակվում է և դա չպետք է հիմք հանդիսանար տարբեր ենթադրությունների համար», – հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն: