Թեդրոս Ադանո Գեբրեյուս. Չի բացառվում կորոնավիրուսի նոր ու ավելի վտանգավոր շտամի առաջացումը

14:42, 21.07.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Ադանո Գեբրեյուսը ասում է, որ չի բացառվում կորոնավիրուսի նոր ու ավելի վտանգավոր շտամի առաջացումը:

Ըստ նրա, որքան վիրուսը տարածվում է, այնքան շատ տարբերակներ են առաջանում, և հնարավոր է, որ նման նոր շտամներից մեկի դեմ պատվաստանյութերը չաշխատեն:

«Որքան ավելի տարածված է վիրուսը, այնքան շատ տարբերակներ են առաջանում, և հավանականություն կա, որ այդ նոր տարբերակները կարող են ավելի վտանգավոր լինել, քան դելտա վիրուսը: Որքան շատ տարբերակներ լինեն, այնքան մեծ է հավանականությունը, որ շտամներից մեկը կկարողանա ճեղքել պատվաստանյութերի պաշտպանությունը, և մենք կվերադառնանք համաճարակի սկզբին», – ասաց Գեբրեյեսուսը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենը Մեծ քսանյակի անդամ երկրներին կոչ է արել հավաքական կամք ցուցաբերել և միասին աշխատել մարդկությունը համաճարակից փրկելու համար:

«Եթե առաջատար երկրները ցանկանան, մի քանի ամսում կկարողանան վերահսկել համաճարակը: Դրա համար անհրաժեշտ է կիսվել պատվաստանյութերով և խթանել պատվաստանյութերի արտադրությունը», – ասաց առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենը կարծում է, որ համաճարակը հնարավոր կլինի հաղթահարել, եթե հաջորդ տարվա կեսին մոլորակի բնակչության 70 տոկոսը պատվաստվի:

Նմանատիպ