Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ժամանել է Իրան, որտեղ հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ժամանել է Իրան։ Մեհրաբադի միջազգային օդանավակայանում Վրաստանի նախագահին դիմավորել է երկրի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադին։
Օդանավակայանի դիմավորման արարողությունից հետո Վրաստանի նախագահը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Վրաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվությամբ՝ հանդիպմանը նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ։
«Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Իրանի միջև առկա բարիդրացիական հարաբերությունները և երկկողմ համագործակցության օրակարգը։ Ուշադրություն է դարձվել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևորությանը։ Կողմերն ընդգծել են Վրաստանի և Իրանի միջև համագործակցությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, միմյանց ինքնիշխանության և ազգային շահերի հաշվառման վրա։ Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար»,- նշված է Վրաստանի նախագահի աշխատակազմի տարածած տեղեկատվության մեջ։
Նրանց իսկ հաղորդմամբ՝ Թեհրան կատարած այցի շրջանակներում այսօր Վրաստանի նախագահը կմասնակցի Այաթոլլահ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը, որին կմասնակցեն տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ։
