Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել. Երբ հասկացա, որ այլևս չեմ կարողանա կատարել պարտականություններս իմ սկզբունքներին համապատասխան, որոշեցի հեռանալ
Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտեանուն հրաժարական է տվել։
Ինչպես Մունտեանուն գրել է սոցիալական ցանցում, այսօրվանից նա պաշտոնապես լքում է վարչապետի պաշտոնը։
«Ես մեծ պատասխանատվությամբ և հաստատուն համոզմունքով ստանձնեցի վարչապետի պաշտոնը՝ նպաստելու դեպի լավը փոփոխություններին։ Սակայն, երբ հասկացա, որ այլևս չեմ կարողանա կատարել իմ պարտականությունները իմ սկզբունքներին և հայացքներին համապատասխան, որոշեցի հեռանալ»,- հայտարարել է Մունտեանուն։
Մոլդովայի վարչապետը շնորհակալություն է հայտնել կառավարական թիմին համագործակցության համար և նշել, որ կշարունակի ծառայել երկրին ապագայում՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն կզբաղեցնի։
«Ես կշարունակեմ ծառայել իմ երկրին, որտեղ էլ որ լինեմ՝ հանրային թե մասնավոր ոլորտում»,- նշել է Մունտեանուն։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ նրա հրաժարականը կարող է կապված լինել վերջին օրերին Մոլդովայում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալների հետ։ Մասնավորապես, հայտնի է դարձել, որ քաղաքացիական ավիացիայի անվտանգության գործակալության՝ MOLDATSA-ի ղեկավարը, որին նշանակել էր գործող իշխանությունը, կեղծ դիպլոմ և օդաչուի վկայական է ունեցել։ Նաև հուլիսի 2-ին կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է գյուղատնտեսության նախարարության պետքարտուղարը։
Ալեքսանդրու Մունտեանուն Մոլդովայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2025 թվականի աշնանից։