Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մոնակոյի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի գործով կասկածյալը ուկրաինական ծագում ունի և այլևս Մոնակոյի տարածքում չէ. նրա նկատմամբ ձերբակալման օրդեր է տրվել
Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության համաձայն՝ Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի գործով կասկածյալն ուկրաինական ծագմամբ կին է։
Մոնակոյի դատախազության հաղորդմամբ՝ կասկածյալն օտարերկրյա պետության քաղաքացի է և այժմ այլևս չի գտնվում Մոնակոյի տարածքում։ Նրա նկատմամբ արդեն իսկ ձերբակալման օրդեր է տրվել, ինչպես նաև նախատեսվում է Ինտերպոլի «Կարմիր ծանուցմամբ» հետախուզում հայտարարել։
Քննության տվյալներով՝ տեսահսկման խցիկներն արձանագրել են մի անձի, ով բնակելի շենքի մուտքի մոտ թողել է ուսապարկ։ Մի քանի րոպե անց, երբ շենք են մտել երեք հոգի, հզոր պայթյուն է որոտացել։
Տեղի ունեցածի առնչությամբ քննություն է ընթանում դիտավորյալ սպանության փորձի հոդվածով։ Իշխանությունների հայտարարության համաձայն՝ դեպքը չի դիտարկվում որպես ահաբեկչական հարձակում։
Ի սկզբանե տարածված տեղեկությունների համաձայն՝ կասկածյալը տղամարդ էր, սակայն տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դա եղել է կին, ով փորձել է թաքցնել իր ինքնությունը։ Լրատվամիջոցներում տարածված տեղեկություններով՝ նա ուկրաինական ծագմամբ կին է։ Պայթյունից հետո կասկածյալը փախուստի է դիմել Ֆրանսիայի սահմանի ուղղությամբ։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ վիրավորվել են ուկրաինացի օլիգարխ Վադիմ Երմոլաևը, նրա կինը և 13-ամյա որդին։