«The Daily Telegraph»-ի տվյալներով՝ օգոստոսից հետո Ուկրաինան լքել է մինչև 100 հազար երիտասարդ տղամարդ
«The Daily Telegraph»-ի տվյալներով՝ օգոստոսից հետո Ուկրաինան լքել է մինչև 100 հազար երիտասարդ տղամարդ

Օգոստոսից հետո Ուկրաինան գրեթե 100 հազար երիտասարդ տղամարդ է լքել։ Այս մասին գրում է «The Daily Telegraph»-ը։

Ինչպես հաղորդում է բրիտանական պարբերականը, երիտասարդ տղամարդիկ Ուկրաինան լքել են այն բանից հետո, երբ օրենսդրությամբ 18-ից 22 տարեկան տղամարդկանց տրվել է երկրի լքելու իրավունք։

«The Daily Telegraph»-ի տվյալներով՝ Լեհաստանի տարածքով Ուկրաինայից ավելի շատ երիտասարդ տղամարդ է դուրս եկել, քան զինծառայող կա Բրիտանական բանակում։ Հոդվածում նշվում է, որ Բրիտանիայի բանակում ծառայում է 70 հազար զինծառայող։

Տարածված տվյալների համաձայն՝ օգոստոսից սկսած Ուկրաինայի պետական սահմանը հատել է 98,500 ուկրաինացի երիտասարդ, այն դեպքում, երբ 2025 թվականի հունվարից մինչև օգոստոս այդ ցուցանիշը չէր գերազանցել 45,300-ը։ Ըստ հրապարակման՝ ուկրաինացիների մեծ մասը մեկնում է Գերմանիա։

Մինչ այս, Ուկրաինայի երիտասարդության և սպորտի նախարար Մատվեյ Բեդնիին հայտարարել էր, որ Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից հետո Ուկրաինան լքել է 1.7 միլիոն երիտասարդ։