Թբիլիսիում, ամերիկյան կողմի ֆինանսավորմամբ բացվել է սահմանափակ ունակություններով երեխաների ընտանեկան տիպի տուն
Թբիլիսիում, ամերիկյան կողմի ֆինանսավորմամբ բացվել է սահմանափակ ունակություններով երեխաների ընտանեկան տիպի տուն

Թբիլիսիում, Քերչի փողոցում բացվել է սահմանափակ ունակություններով երեխաների հատուկ փոքր ընտանեկան տիպի տուն:

Տուն կտեղափոխվի «Թբիլիսիի նորածինների տան» բաժանորդների մի մասը: Բացման պաշտոնական արարողությանը ներկա են գտնվել առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն, Վրաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Քելլի Դեգնանը, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, պետական հոգատարության և թրաֆիկինգի զոհերի, տուժածների օգնության գործակալության ղեկավար Մերի Մաղլափերիձեն:

Ինչպես նշել է Քելլի Դեգնանը, սա շատ կարևոր նախագիծ է, որը ցույց է տալիս ԱՄՆ-ի և Վրաստանի միջև համագործակցությունը:

«Սա նախագիծ է, որը ծառայում է հասարակության ամենաանպաշտպան հատվածին և սահմանափակ ունակություններով որբ երեխաներին՝ մինչև նրանց չափահաս դառնալը: Նրանք կստանան բարձրորակ բժշկական ծառայություն: Կսովորեն, ինչպես դառնալ հասարակության լիարժեք անդամներ, երբ կլքեն այդ տունը: Սա նախագիծ է, որը ԱՄՆ-ը ֆինանսավորել է 1.2 միլիոն լարիով»,- հայտարարել է Քելլի Դեգնանը:

Ինչպես հայտարարել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն, նշված նախագիծը կնպաստի երեխաների դաստիարակությանը ընտանիքին մոտեցված միջավայրում:

Ընտանեկան տիպի տան շինարարությունն իրականացվել է ԱՄՆ-ի դեսպանության պաշտպանության ոլորտում համագործակցության ծառայության մարդասիրական օգնության ծրագրի շրջանակներում: Նախագծի արժեքն է 1,200,000 լարի ($425,000) և այն իրականացվել է ԱՄՆ-ի զորքի ինժեներների կորպուսի (USACE) կողմից: