Թբիլիսիի քաղաքային դատարանը որպես խափանման միջոց կալանքի է դատապարտել տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախկին փոխնախարար Կոբա Գաբունիային
Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախկին փոխնախարար Կոբա Գաբունիային որպես կանխարգելիչ միջոց կիրառվել է կալանք։
Որոշումը կայացրել է դատավոր Նինո Խուջաձեն։
Դատախազի հայտարարությամբ՝ Կոբա Գաբունիայի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումը հաստատվում է գործի նյութերով, գրավոր փաստաթղթերով և 7-8 անձի վկայություններով, ովքեր այս պահին ունեն մեղադրյալի կարգավիճակ։
Ըստ դատախազի՝ Գաբունիան իր պաշտոնավարման ժամանակ արտոնություն է տվել «Լագի Կապիտալ» ՍՊԸ-ին և մուծել է կանխավճար՝ այն դեպքում, երբ այդ ընկերությունը դեռ 2023 թվականին ստացած կանխավճարը նպատակային չէր օգտագործել։ Նրա խոսքով՝ մինչ այժմ որևէ մանկապարտեզ չի կառուցվել, ինչի հետևանքով պետությունը նյութական վնաս է կրել։
Դատախազությունը նշում է, որ միայն կալանքը կարող է ապահովել, որ քննությանը խոչընդոտ չլինի, հատկապես այն դեպքում, երբ Կոբա Գաբունիան մինչ այժմ չի համագործակցել հետաքննության հետ։ Պաշտպանական կողմը չհամաձայնեց մեղադրանքի միջնորդությանը։ Նրանք դատարանին առաջարկեցին 400,000 լարի գրավ և անձնագրի առգրավում։
Փաստաբանի խոսքով՝ գործի նյութերը (99 հատոր) ուշ գիշերով են ստացել, և չեն հասցրել լիարժեք ծանոթանալ։ Նրանք պնդում են, որ գործի մեջ չկա որևէ հստակ ապացույց, որը հաստատում է պաշտոնեական դիրքի չարաշահում Գաբունիայի կողմից։
Փաստաբանի խոսքով՝ պետք է պարզվի՝ ինչու են մյուս մեղադրյալները տվել իրենց ցուցմունքները և արդյոք նրանք փորձում են մեղմել սեփական պատասխանատվությունը։
Իրավապաշտպանի խոսքով՝ մինչ այժմ չկա որևէ ապացույց, որը կհաստատի, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան կանխամտածված համաձայնություն է ունեցել գումար վերցնելու վերաբերյալ։
«Հնարավոր է՝ սխալ թույլ է տվել, բայց չկա որևէ եզրակացություն, որ նա գումար է ստացել», – ասել է Գուրամ Գվենցաձեն։
Փաստաբանը նշել է նաև, որ Գաբունիան չհամարելով վտանգ փախուստի, ամիսներ առաջ դուրս է եկել երկրից ու վերադարձել, ինչը վկայում է, որ նա պատրաստ է համագործակցել։ Նրա խոսքով՝ Գաբունիան չի կարող որևէ այլ անձի մատնանշել, քանի որ նման անձ գոյություն չունի։
Գաբունիան նույնպես հանդես է եկել դատարանում․
«Իմ կյանքում երբեք նյութական աջակցություն կամ օգուտ չեմ ստացել։ Հնարավոր է՝ ինչ-որ բան վրաս մնացել է, ավելի ուշադիր պետք է լինեի։ Միայն մեկ ընկերություն չէ՝ շատ են, բազմաթիվ տենդերներ են, աշխատանքներ ընթանում են, հնարավոր է՝ մի բան վրաս մնացել է։ Որևէ շահ չեմ ունեցել։ Կանխավճարներն իշխանության կողմից արտահայտություն էին՝ բոլոր ընկերությունները լինեն հավասար պայմաններում և ունենան հնարավորություն որակով աշխատելու։ Ցավոք, այս ընկերությունը խաբեությամբ տիրացավ գումարին, թեև շատերն են կանխավճար ստացել», – ասել է Կոբա Գաբունիան։
Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 18-ին։
Ֆինանսների նախարարության քննչական ծառայության տվյալներով՝ Պետանվտանգության ծառայության հետ համատեղ գործողությունների արդյունքում Կոբա Գաբունիան ձերբակալվել է պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով։ Նրանց փոխանցմամբ՝ իրականացվել են խուզարկություններ Գաբունիայի, ենթակառուցվածքների նախկին նախարար Իրակլի Քարսելաձեի և այլ անձանց բնակարաններում ու գրասենյակներում՝ ընդհանուր 20 տարբեր օբյեկտներում։