Թբիլիսիի քաղաքապետարանը ֆինանսավորել է ռևմատոիդ արթրիտի բուժման թանկարժեք դեղամիջոցի մոտ 600 դեպք

12:26, 25.11.2026

Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից ռևմատոիդ արթրիտի բուժման «Ակտեմրա» դեղամիջոցի ֆինանսավորման մասին որոշման ընդունումից ի վեր մինչ օրս ֆինանսավորվել է մոտ 600 դեպք, – այս մասին քաղաքապետարանի կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նրա պարզաբանմամբ՝ «Ռևմատոիդ արթրիտի բուժման դեղամիջոցի ֆինանսավորման» ծրագրի իրականացումը մեկնարկել է 2025 թվականի սեպտեմբերին։

«Ծրագիրը նախատեսում է երեք ամիսը մեկ անգամ դեղամիջոցը ստանալու համար անհրաժեշտ նյութականացված վաուչերի տրամադրում, որի միջոցով քաղաքացին այն ստանում է դեղատնից։ Սոցիալապես անապահով ընտանիքների միասնական տվյալների բազայում գրանցված անձանց, որոնց վարկանիշային միավորը չի գերազանցում 150 000-ը, դեղամիջոցը ֆինանսավորվում է ամբողջությամբ՝ 100%-ով, իսկ մնացած բոլոր շահառուներին՝ 80%-ով», – հայտարարել է Կախա Կալաձեն։

Նրա խոսքով՝ «Ակտեմրա»-ի ֆինանսավորման համար անհրաժեշտ նյութականացված վաուչերը ստանալու նպատակով քաղաքացին համապատասխան փաստաթղթերով դիմում է Թբիլիսիի քաղաքապետարան։

«Թբիլիսիի քաղաքապետարանի ծրագրում ընդգրկվելու հնարավորություն ունեն ռևմատոիդ արթրիտի ախտորոշում ունեցող Վրաստանի այն քաղաքացիները, որոնք դիմում ներկայացնելուց առաջ վերջին երկու տարիների ընթացքում անընդմեջ և, միաժամանակ, ծրագրում ընդգրկվելու պահին գրանցված են Թբիլիսիի մունիցիպալիտետում։ Դեղորայքային բուժման հիման վրա հնարավոր է կանգնեցնել այս քրոնիկ աուտոիմունային հիվանդության զարգացումը և այն տեղափոխել ռեմիսիայի փուլ։ Հետևաբար, քաղաքացին դառնում է գործունակ, և նրա կյանքի որակը զգալիորեն բարելավվում է», – նշել է Կախա Կալաձեն։

Նմանատիպ