Կախա Կալաձե – Վերականգնված Ռուսթավելի պողոտայում կգործարկվի տրանսպորտային նոր սխեմա, ինչը կպարզեցնի ավտոմեքենաների տեղաշարժը

13:07, 25.11.2026

Թբիլիսիի նորացված կենտրոնական պողոտայում կոնկրետ ուղղություններով ավտոմեքենաների տեղաշարժը կպարզեցվի, – այս մասին մայրաքաղաքի կառավարության նիստում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն, որտեղ խոսել է Ռուսթավելի պողոտայի տրանսպորտային նոր սխեմայի մասին։

Նրա խոսքով՝ Առափնյակից (Սանապիրո) հնարավոր կլինի ուղիղ բարձրանալ Մթածմինդայի վերին փողոցներ և հակառակ ուղղությամբ՝ ուղիղ իջնել Առափնյակ։

«Տրանսպորտային նոր սխեմայով կոնկրետ ուղղություններով ավտոմեքենաների տեղաշարժը կպարզեցվի։ Լուսացույցներով կարգավորվող տրանսպորտային նոր հանգույցների կառուցումից հետո Ռուսթավելի պողոտան հատող փողոցներում ևս հնարավոր կլինի ձախ շրջադարձ կատարել, ինչի արդյունքում Մթածմինդայի մնացած փողոցներ ուղևորվող վարորդներն այլևս ստիպված չեն լինի պողոտայով տարանցիկ անցնել և ձիթենու ծառի մոտ շրջադարձ կատարել։ Առափնյակից հնարավոր կլինի ուղիղ բարձրանալ Մթածմինդայի վերին փողոցներ և հակառակ ուղղությամբ ուղիղ իջնել Առափնյակ։ Նաև Մթածմինդայի վերին փողոցներից իջնելիս վարորդներն այլևս ստիպված չեն լինի հասնել մինչև Ազատության հրապարակ և ձախ շրջադարձ կատարելով՝ ուղիղ կգնան Կոստավա փողոցի ուղղությամբ», – հայտարարել է Կախա Կալաձեն։

Ինչպես նշել է Թբիլիսիի քաղաքապետը, տրանսպորտային նոր կապերի կառուցման արդյունքում Ռուսթավելի պողոտայով տեղաշարժվելու անհրաժեշտությունը կնվազի։

«Գործող տրանսպորտային սխեմայի պայմաններում, մեր տվյալներով, ավտոմեքենաների մոտավորապես 30%-ը ստիպված էր տարանցիկ տեղաշարժվել Ռուսթավելի պողոտայով։ Նոր կապերի կառուցման արդյունքում այդ տեղաշարժի անհրաժեշտությունը զգալիորեն կնվազի։ Օրինակ՝ Կակաբաձե եղբայրների փողոցից ուղիղ երթևեկելով՝ հնարավոր կլինի տեղաշարժվել Միխեիլ Ջավախիշվիլի փողոցի (նախկին Էլբաքիձեի զառիվեր) ուղղությամբ և հակառակը։ Իսկ Ազատության հրապարակից դեպի Ֆիլհարմոնիա երթևեկելիս ձախ շրջադարձ կատարելով՝ հնարավոր կդառնա բարձրանալ Կակաբաձեների փողոց։

Այնտեղ, որտեղ մինչ այժմ վարորդները ստիպված էին ավելորդ տարածություն անցնել և օգտվել շրջանցիկ երթուղիներից, կստեղծվեն ուղիղ տրանսպորտային կապեր։ Հենց սա է երթևեկության նոր սխեմայի կարևոր առավելություններից մեկը՝ ավելորդ տեղաշարժի կրճատումը և տրանսպորտային հոսքերի ավելի լավ կազմակերպումը», – հայտարարել է Կալաձեն։

Մայրաքաղաքի քաղաքապետը խոսել է նաև լուսացույցների կարևորության մասին և նշել, որ դրանց միջոցով բաշխվում են տրանսպորտային հոսքերը, և հետիոտները անվտանգ են տեղաշարժվում։

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ պարզաբանել, որ լուսացույցների նշանակությունը միայն ավտոմեքենաները կանգնեցնելը չէ։ Դրանց միջոցով իրականացվում է տարբեր ուղղություններով ընթացող տրանսպորտային հոսքերի բաշխումը, տրանսպորտային նոր կապերի ապահովումը և հետիոտների անվտանգ տեղաշարժը։ Ռուսթավելի պողոտայի դեպքում հենց լուսացույցներով կարգավորվող նոր հանգույցներն են մեզ հնարավորություն տալիս ստեղծել այն ուղիղ կապերը, որոնք մինչ այժմ գոյություն չունեին։ Ելնելով նրանից, որ Ամանորի շրջանում Առաջին Հանրապետության հրապարակի հարակից տարածքը փակ է լինելու, պողոտայի գծանշումը կկատարվի մի փոքր ավելի ուշ, և լուսացույցները նույնպես կմիացվեն», – հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետը։

Նրա խոսքով՝ հաջորդ տարի նախատեսվում է Հանրապետության հրապարակի նորացումը։ Մասնավորապես՝ կկառուցվի 200 ավտոմեքենայի համար նախատեսված ստորգետնյա ավտոկայանատեղի, ինչպես նաև նախատեսված է Ազատության հրապարակի և Ռուսթավելի պողոտայում գտնվող շենք-շինությունների վերականգնում-նորացում։

«Միևնույն ժամանակ, Մթածմինդայի փողոցներում նախատեսում ենք մշակել երթևեկության օպտիմալ սխեմաներ։ Տարիների ընթացքում որոշ փողոցներում երթևեկությունը մերթ երկկողմանի էր, մերթ միակողմանի։ Հաշվի առնելով Հին Թբիլիսիին բնորոշ նեղ փողոցները՝ կմշակենք ամենաընդունելի տարբերակները, որոնք համատեղելի կլինեն Ռուսթավելի պողոտայի տրանսպորտային նոր սխեմայի հետ։ Ընդհանուր առմամբ, փողոցների վերականգնման ժամանակ առավելագույնս փորձում ենք ճանապարհային երթևեկությունն այնպես պլանավորել, որ մեծանան քաղաքացիների տեղաշարժման հնարավորությունները, տրանսպորտի հասանելիությունն ու անվտանգությունը։

Մեր խնդիրն է՝ համապատասխան ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքը կառուցել ոչ միայն ավտոմեքենաների վարորդների, այլև հետիոտների, քաղաքային տրանսպորտի ուղևորների և տեղաշարժման այլ միջոցներից օգտվող մարդկանց համար։ Մուլտիմոդալ մոտեցումը հենց դա է ենթադրում՝ քաղաքի ենթակառուցվածքը պետք է ծառայի երթևեկության բոլոր մասնակիցներին», – նշել է Կախա Կալաձեն։

Նմանատիպ