Բոլնիսիի Մաշավերա բլրի վրա հայտնաբերվել է հավանաբար, նեոլիթյան դարաշրջանի դամբարան, որը Վրաստանի տարածքում այդ դարաշրջանի առաջին դամբարանն է
Բոլնիսիի մունիցիպալիտետի Մաշավերա բլրի հնագիտական վայրում պեղումների ժամանակ գիտնականները հայտնաբերել են նեոլիթյան դարաշրջանի դամբարան, որը պարունակում է երիտասարդ մարդու ոսկորներ: Այս մասին հայտնել է Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությունը։
Նրանց խոսքով՝ հայտնագործությունը հատուկ գիտական նշանակություն ունի, քանի որ նախկինում Վրաստանի տարածքում այս ժամանակաշրջանի թաղման վայրեր չեն գրանցվել։
«Վերականգնված նյութերը պահանջում են լրացուցիչ գիտական հետազոտություններ, որից հետո հնարավոր կլինի որոշել հայտնագործության ճշգրիտ նշանակությունը։
Հնագիտական պեղումների վայր են այցելել՝ Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Թեա Օնիանին, Ազգային թանգարանի գլխավոր տնօրեն Դավիթ Լորթքիփանիձեն և Բոլնիսիի քաղաքապետարանի գլխավոր տնօրենի տեղակալ Միխեիլ Ծերեթելին, Բոլնիսիի քաղաքապետ Զամուր Ճիթանավան և գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդրե Զաբախիձեն։ Արշավախմբի ղեկավար Ջոնի Աբուլաձեն տեղեկություններ է ներկայացրել հայտնագործության մոտավոր թվագրման և նշանակության մասին։
Հնագիտական աշխատանքները կատարում է Վրաստանի ազգային թանգարանի արշավախումբը՝ ֆինանսավորվելով Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության կողմից։
Մաշավերա բլուրը համաշխարհային ճանաչում ունեցող Շուլավերի-Շոմուտեպե հնագիտական մշակույթի (մ.թ.ա. 6-րդ հազարամյակ) վայրն է։ Այն յուրօրինակ հուշարձան է։ Նեոլիթի հետ մեկտեղ այն ներառում է նաև միջնադարյան մշակութային շերտեր, ինչը վկայում է այս տարածքում մարդու գոյության երկար շրջանի մասին։
Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են կավից (չթրծված կավե աղյուս) բնակելի և գյուղատնտեսական շինություններ՝ «Հուշարձանի վրա հայտնաբերվել են մ.թ.ա. 6-րդ հազարամյակին բնորոշ շրջանաձև և օվալաձև հատակագծեր։ Հայտնաբերված արտեֆակտները հստակ արտացոլում են հին գյուղատնտեսական հասարակության կյանքը և զարգացման մակարդակը», – ասվում է Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության հայտարարության մեջ։