Թբիլիսիի ամառային մանկապարտեզներում գրանցումը կսկսվի հունիսի 9-ին
Այս տարի Թբիլիսիում գործելու է 55 ամառային մանկապարտեզ, իսկ գրանցումը կմեկնարկի հունիսի 9-ին և կտևի մինչև ամսվա վերջ։ Քաղաքապետարանի սոցիալական ծրագրի մասին քաղաքացիներին տեղեկացրել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մայրաքաղաքի կառավարության նիստում։
«Այս տարի ծրագիրը ընդլայնվում է, և Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության որոշմամբ՝ հուլիսին մայրաքաղաքում կգործի ոչ թե 50, այլ 55 մանկապարտեզ։ Ամառային մանկապարտեզները կսպասարկեն մինչև 20 000 երեխայի։ Գրանցումը իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ գործակալության կայքի՝ www.kids.org.ge-ի միջոցով։ Գրանցումը կմեկնարկի հունիսի 9-ին՝ ժամը 10:00-ից և կշարունակվի մինչև ամսվա վերջ։ Ծրագրից օգտվել կարող են 2-ից 6 տարեկան երեխաները, որոնք գրանցված են Թբիլիսիի մանկապարտեզներում, այդ թվում նաև նրանք, ովքեր սեպտեմբերին ավարտում են մանկապարտեզը և անցնում դպրոց», – նշել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ նախորդ տարվա փորձը ցույց է տվել, որ մայրաքաղաքում ամառային մանկապարտեզների պահանջարկը բավականին բարձր է, քանի որ Թբիլիսում աշխատող շատ ծնողներ հուլիսին քաղաքից դուրս գնալ չեն կարողանում։
«Բացի այդ, ծրագրի իրականացումը կարևոր է նաև մանկապարտեզներում աշխատող անձնակազմի համար, քանի որ նրանք ամառային մանկապարտեզներում աշխատանքի դիմաց կստանան լրացուցիչ վարձատրություն։ Այս տարի 55 մանկապարտեզում կաշխատի շուրջ 3 300 աշխատակից», – նշել է քաղաքապետը։
Նրա տեղեկատվությամբ՝ մանկապարտեզները ընտրվել են աշխարհագրական սկզբունքով, որպեսզի ծառայությունն հասանելի լինի Թբիլիսիի բոլոր թաղամասերի բնակիչների համար։ Քաղաքապետի խոսքով՝ ծրագիրը 2025 թվականի բյուջեից կֆինանսավորվի մինչև 5 միլիոն լարիով։