Ճապոնացի գործարարը «կյանքին հրաժեշտ տալու» կապակցությամբ ճոխ երեկույթ է կազմակերպել
Ճապոնացի գործարարը «կյանքին հրաժեշտ տալու» կապակցությամբ ճոխ երեկույթ է կազմակերպել

Ճապոնացի գործարար Սատորու Անզակին, որին ախտորոշել են քաղցկեղի վերջին աստիճանը, հսկայական հրաժեշտի երեկույթ է կազմակերպել, որին հրավիրվել է առնվազն 1000 մարդ:

Տոնակատարությունը տեղի է ունեցել երկուշաբթի: Հրավիրյալների թվում են եղել Անզակիի ընտանիքի անդամները, ընկերները, դասընկերներն ու համակուրսեցիները, գործընկերները, իր ղեկավարած ընկերության աշխատակիցները:

Սատորու Անզակին վեց տարի եղել է Komatsu մեքենաշինական հսկայի նախագահը: Այս տարվա հոկտեմբերին 80-ամյա գործարարի մոտ լեղապարկի քաղցկեղ է հայտնաբերվել:

«Ես միանգամայն բավարարված եմ, որ կարողացա հրաժեշտ տալ այն մարդկանց, որոնց հետ շփվել եմ կյանքում»,- լրագրողներին հայտարարել է Անզակին:

Ինչպես նշում են ճապոնական լրատվամիջոցները, գործարարը երեկույթի ընթացքում շրջել է հյուրերի մեջ և սեղմել նրանց ձեռքերը՝ շնորհակալություն հայտնելով յուրաքանչյուրին: