Տաջիկստանի նախագահ. Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը ընդգծել ենք, թե որքան կարևոր է քաղաքական երկխոսության ակտիվացումը, կենտրոնական թեման տնտեսական համագործակցությունն էր

19:12, 19.06.2026

«Բանակցությունների կենտրոնական թեման առևտրատնտեսական համագործակցության հարցերն էին։ Մենք շահագրգռված ենք երկկողմ քայլերով էլ ավելի հարստացնել տնտեսական հարաբերությունները», – այս մասին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ճեպազրույցում։

Նրա խոսքով՝ հանդիպմանը մանրամասն քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները։

«Մանրամասն քննարկել ենք երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները։ Միևնույն ժամանակ, մտքեր ենք փոխանակել թեմատիկ, արդիական հարցերի, միջազգային համագործակցության շուրջ։ Հարգարժան վարչապետի պաշտոնական այցի շրջանակներում ստորագրվել է փաստաթուղթ, որը կամրապնդի օրենսդրական բազան երկու երկրների միջև համագործակցային հարաբերությունների համար։ Այս փաստաթուղթն ընդգրկում է օդային հաղորդակցությունը, գյուղատնտեսության ոլորտները, տուրիզմը, ինչպես նաև գիտությունը, կրթությունը, մշակույթը, սպորտը, կլիմայի փոփոխությունը և այլ հարցեր։ Բանակցությունների ընթացքում ընդգծել ենք քաղաքական երկխոսության ակտիվացման կարևորությունը, ինչպես նաև քննարկել ենք տարբեր մակարդակներում տարաբնույթ աշխատանքային շփումները, միջպառլամենտական հարաբերությունները և պատգամավորների դերի ուժեղացումը երկու երկրների միջև հարաբերություններում։

Բանակցությունների կենտրոնական թեման առևտրատնտեսական համագործակցության հարցերն էին։ Մենք շահագրգռված ենք երկկողմ քայլերով էլ ավելի հարստացնել տնտեսական հարաբերությունները։ Հատուկ ուշադրություն կդարձվի առևտրին և տնտեսական համագործակցությանը, ինչը մեր բանակցությունների կենտրոնական հարցն էր։ Երկու երկրներն էլ ունեն հսկայական հնարավորություններ, և ընդգծվել է այդ հնարավորություններն արդյունավետորեն օգտագործելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ցանկանում ենք նշել, որ Տաջիկստանը շահագրգռված է համագործակցության ընդլայնմամբ կանաչ տնտեսության տարբեր ոլորտներում, ինչպես նաև արդյունաբերության, տեխնոլոգիաների և նորարարությունների հարցերով։ Սրա մեջ մտնում է նաև արհեստական բանականությունը։ Այս ուղղությամբ մենք պատրաստակամություն ենք հայտնել սկսել համագործակցություն այն ոլորտներում, որոնք երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում։ Դրա համար մենք գործնական քայլեր կձեռնարկենք։ Թեթև արդյունաբերությունը, սննդի արդյունաբերությունը, լեռնահանքային արդյունաբերությունը, ինչպես նաև դեղագործական ոլորտները և գյուղատնտեսությունը նշվել են որպես հետաքրքրության առարկա։

Մենք աջակցում ենք տարանցիկ և տրանսպորտային ոլորտում կապերի խորացմանը, ինչպես նաև գյուղատնտեսության, զբոսաշրջության և առողջապահության ուղղություններով։ Այսօր համատեղ միջկառավարական հանձնաժողովի ստեղծման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, և երկու երկրների միջև ստորագրվել է համապատասխան փաստաթուղթ։ Հավատում ենք, որ այս հանձնաժողովի գործունեությունն իսկապես համապարփակ աջակցություն կապահովի գործնական միջոցառումների իրականացման և վերոնշյալ ասպեկտների կյանքի կոչման գործում երկու երկրների միջև հարաբերությունների տարբեր ոլորտներում», – հայտարարել է Էմոմալի Ռահմոնը։

Ինչպես նշել է Տաջիկստանի նախագահը, Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը ընդգծվել է Վրաստանի և Տաջիկստանի միջև կառուցողական երկխոսության կարևորությունը։

«Հատուկ ուշադրություն ենք դարձրել մշակութային և հումանիտար ոլորտներում կապերի խորացմանը, ինչը կարևոր տարր է մեր բարեկամության ամրապնդման և երկու երկրների ժողովուրդների միջև փոխըմբռնման խթանման համար։ Այս առումով մենք ողջունում ենք կապերի ակտիվացումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, գիտությունը, մշակույթը, երիտասարդության հարցերը և սպորտը։ Հատկանշական է նաև այն, որ այցի շրջանակներում հարգարժան վարչապետը մասնակցեց վրացական դասական գրականության ներկայացուցիչ, բանաստեղծ և գրող Շոթա Ռուսթավելու կիսանդրու բացմանը։ Դուշանբեում կլինի նոր փողոց, որը կկրի Ռուսթավելու անունը։ Սա կարևոր քայլ է երկու երկրների միջև բարեկամական կապերն ամրապնդելու ուղղությամբ։

Ընդգծեցինք մեր երկրների միջև կառուցողական երկխոսության կարևորությունը, ինչպես նաև քննարկեցինք տարբեր գերատեսչությունների միջև համագործակցությունը։ Այս առումով, երկու երկրների շահերից է բխում միջազգային հարթակներում, ինչպիսիք են, օրինակ, ՄԱԿ-ը և մասնագիտացված գործակալությունները, երկու երկրների դրական փորձի շարունակումը։ Տաջիկստանն իր գոհունակությունն է հայտնում Վրաստանի հետ համագործակցության կապակցությամբ միջազգային ընթացիկ հարցերում, որոնք վերաբերում են գլոբալ օրակարգի առաջմղմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ջուրը և կլիման։ Ընդգծեցինք ջանքերը համատեղելու անհրաժեշտությունը՝ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված շրջակա միջավայրի վրա ազդեցությունը մեղմելու համար։ Անվտանգության ոլորտում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են դիմակայությունն առկա սպառնալիքներին։

Որպես եզրակացություն՝ ցանկանում եմ ընդգծել, որ այսօրվա հանդիպումներում ձեռք բերված համաձայնություններն իսկապես երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկար են ապահովում։ Տաջիկստանը բարձր է գնահատում բանակցությունների արդյունքները, որոնք անցել են կառուցողական և փոխադարձ ըմբռնման մթնոլորտում։ Երկու երկրների միջև հարաբերություններն իսկապես ողջունելի են բոլոր ոլորտներում։ Վստահ եմ, որ այսօր կատարված քայլերն իսկապես հիմք կստեղծեն, որպեսզի հետագայում երկու երկրների միջև հարաբերություններն էլ ավելի ռազմավարական զարգացում ունենան», – հայտարարել է Տաջիկստանի նախագահը։

Նյութը պատրաստվել է համաժամանակյա թարգմանության հիման վրա։

Նմանատիպ