Կայա Կալաս. Հասարակությունը հոգնել է Ուկրաինայի պատերազմից, ուստի Եվրոպայի կողմից օգնության շարունակման պատճառների բացատրությունն ավելի է դժվարանում
Եվրոմիության միջազգային հարցերով և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ հասարակությունը հոգնել է Ուկրաինայի պատերազմից, և այդ պատճառով Եվրոպայի կողմից օգնության շարունակման պատճառների բացատրությունն ավելի է դժվարանում։
Ինչպես Կայա Կալասը նշել է Կանադայի և Եվրոմիության միջև տրանսատլանտյան անվտանգության թեմայով անցկացված քննարկման ժամանակ ունեցած ելույթում, Ռուսաստանը չի ձգտում դադարեցնել պատերազմը, հենց այդ պատճառով էլ Ուկրաինային աջակցելու և Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելու այլընտրանք չկա։
«Մեր հասարակության համար ավելի դժվար է բացատրելը, քանի որ բոլորը հոգնել են այս պատերազմից։ Ուկրաինացիներն ամենաշատն են ուզում պատերազմի ավարտը, որովհետև տառապում են, բայց մենք չենք տեսնում, որ Ռուսաստանը ցանկանում է դադարեցնել պատերազմը։ Այլ ընտրություն չենք տեսնում, քան Ռուսաստանի վրա ավելի շատ ճնշում գործադրելը և Ուկրաինային օգնելը», — հայտարարել է Կալասը։
ԱՄՆ-ի դիրքորոշման մասին խոսելիս Կալասը նշել է, որ Ուկրաինայի աջակցությունը Եվրոպան և Կանադան շարունակել են ֆինանսական ու ռազմական օգնությամբ, սակայն, նրա իսկ խոսքով, դժվար է, երբ ԱՄՆ-ն այս կողմում չէ։ Ինչպես նշել է Եվրոմիության գերագույն ներկայացուցիչը, Արևմուտքում առկա պառակտումը ձեռնտու է Մոսկվային։