Սպիտակ տանը սկսվել է Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպումը
Վաշինգտոնում, Սպիտակ տանը սկսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը։ Վոլոդիմիր Զելենսկիին Սպիտակ տանը դիմավորել է ԱՄՆ նախագահը։ Ավելի վաղ Սպիտակ տուն էին ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և եվրոպացի առաջնորդները։
Դոնալդ Թրամփը և Վոլոդիմիր Զելենսկին այս պահին հայտարարություններ են անում լրատվամիջոցների համար Օվալաձև աշխատասենյակում։
Այսօր հրապարակված ժամանակացույցի համաձայն՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների միջև բանակցությունները կտևեն մոտ մեկ ժամ։
Հասանելի տեղեկությունների համաձայն՝ հանդիպմանը կմասնակցի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Հանդիպումից հետո բանակցություններին կմիանան եվրոպացի առաջնորդները։ Մասնավորապես, բանակցություններին կմասնակցեն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ Հանդիպմանը կմասնակցեն նաև ամերիկյան կողմը՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվ Վիտկոֆը և Քեյթ Քելոգը։