Spiegel. Ռուսաստանի մեղադրանքները Ուկրաինայի կողմից Վլադիմիր Պուտինի Վալդայում գտնվող նստավայրի վրա ենթադրյալ հարձակման վերաբերյալ պարունակում են մի շարք անհամապատասխանություններ
Spiegel. Ռուսաստանի մեղադրանքները Ուկրաինայի կողմից Վլադիմիր Պուտինի Վալդայում գտնվող նստավայրի վրա ենթադրյալ հարձակման վերաբերյալ պարունակում են մի շարք անհամապատասխանություններ

Գերմանական Spiegel պարբերականը գրում է, որ Ռուսաստանի մեղադրանքները Ուկրաինայի կողմից Վալդայում գտնվող Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա ենթադրյալ հարձակման մասին մի շարք անհամապատասխանություններ են պարունակում։ Հոդվածում նշվում է, որ հենց հաղորդման աղբյուրը կասկածելի է։

Հարձակման մասին տեղեկատվությունը տարածել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը սովորաբար չի մեկնաբանում Ռուսաստանին ուղղված հարձակումները։ Պարբերականը նշում է նաև, որ հաշվետվությունը հայտնվել է կասկածելի պահին՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև բանակցություններից հետո, երբ ԱՄՆ նախագահը հայտարարել է «էական առաջընթացի» մասին։

Լրագրողները նկատում են, որ չնայած Ուկրաինան ամեն օր հարվածներ է հասցնում Ռուսաստանի ռազմական օբյեկտներին ու նավթամշակման գործարաններին, ՌԴ ղեկավարության նստավայրի վրա այս ամբողջ պատերազմի ընթացքում միայն մեկ գրոհ է արձանագրվել՝ 2023 թվականին, երբ դրոններ հարձակվել էին Կրեմլի վրա։

Spiegel-ը նաև ընդգծում է, որ Կրեմլի հայտարարությունների ֆոնին Ռուսաստանը չի ներկայացրել որևէ ապացույց Պուտինի նստավայրի վրա հարձակման վերաբերյալ։ Մասնավորապես՝ չկան խոցված դրոնների բեկորների լուսանկարներ, որոնք Մոսկվան սովորաբար արագ հրապարակում է՝ Ուկրաինայի հարձակումների ժամանակ։

Բացի այդ, Նովգորոդի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոնովը դեկտեմբերի 29-ին հայտարարեց 23 խոցված դրոնների մասին, իսկ ընդամենը երկու օրում մարզը ենթարկվել է 41 դրոնի հարձակման։ Սա զգալիորեն պակաս է Լավրովի հայտարարված 91 դրոնից։ Նման տվյալներ է հրապարակել նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին Մոսկվան մեղադրեց Ուկրաինային Նովգորոդի շրջանում գտնվող Պուտինի նստավայրի վրա դրոններով ենթադրյալ հարձակման մեջ։ Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ռուսական ուժերը ոչնչացրել են 91 դրոն։ Նա նաև նշեց, որ «Ռուսաստանի բանակցային դիրքորոշումը վերանայվելու է» և սպառնաց պատասխան հարվածներով։

Հարձակմանը անդրադառնալով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեղադրանքները «ստախոսություն» անվանեց և հայտարարեց, որ Ռուսաստանը փորձում է արդարացնել Կիևում կառավարական շենքերի վրա սպասվող հարձակումները։ Նա նաև Ռուսաստանին մեղադրեց բանակցային գործընթացը խափանելու փորձի մեջ։