Սննդի հետ շփման համար նախատեսված պլաստիկե որոշակի իրերի իրացումն այսօրվանից արգելվել է

12:09, 01.04.2026

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ 2026 թվականի ապրիլի 1-ից արգելվել է պլաստիկից պատրաստված պատառաքաղների, դանակների, գդալների, ձողիկների, ափսեների, ըմպելիքի ձողիկների (սթրոների), խառնիչների, ինչպես նաև փրփրապլաստից (EPS) պատրաստված սննդի տարաների և դրանց կափարիչների, բաժակների ու դրանց կափարիչների իրացումը։ Նշված արտադրանքի ներկրումն ու արտադրությունը 2026 թվականի հունվարի 1-ից արդեն արգելված է։

Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությամբ՝ ապրիլի 1-ից ուժի մեջ է մտնում նաև պլաստիկի սպառման սահմանափակմանն առնչվող ևս մեկ կանոնակարգ։ Մասնավորապես, պետական գնումներ իրականացնող գերատեսչություններին արգելվում է պլաստիկե բաժակների, տարաների և մինչև երեք լիտր ծավալով պլաստիկե շշերով լցնովի ըմպելիքների պետական գնումներ կատարել։ Սահմանափակումը չի տարածվում մինչև երեք լիտրանոց պլաստիկե շշերով այն գնումների վրա, որոնք իրականացվում են պաշտպանության ուժերի և զինծառայողների կարիքների համար։

Նշված կանոնակարգերի կատարման նկատմամբ վերահսկողությունը, իրենց իրավասությունների շրջանակում, կիրականացնեն Սննդամթերքի ազգային գործակալությունը, Բնապահպանական վերահսկողության դեպարտամենտը և Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ սահմանված պահանջների խախտումը կհանգեցնի տուգանքի՝ 1 000 լարիի չափով և համապատասխան արտադրանքի բռնագրավման, իսկ կրկնակի խախտման դեպքում՝ 2 000 լարիի չափով տուգանքի և արտադրանքի բռնագրավման։

«Կարևոր է, որ կանոնակարգը չի տարածվում պլաստիկե արտադրանքի արտահանման (էքսպորտի) վրա։ Արտադրողները, որոնք արտադրանքը պատրաստում են արտահանման նպատակով, պարտավոր են արտադրությունը սկսելուց առնվազն մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնել Բնապահպանական վերահսկողության դեպարտամենտին արտադրության սկզբի և ավարտի ժամկետների, արտադրանքի քանակի, արտահանվող երկրների և արտահանման գրաֆիկի մասին», – նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Նմանատիպ