Սննդամթերքի ազգային գործակալություն. Ճշմարտությանը չի համապատասխանում տեղեկատվությունը, թե իբր անօթևան շներին տանում ենք «քնեցնելու», շների տեղափոխումն իրականացվում է միայն անասնաբուժական միջոցառումների անցկացման նպատակով

12:32, 01.04.2026

Սննդամթերքի ազգային գործակալության հայտարարության համաձայն՝ տարածված տեղեկատվությունը, թե Սննդամթերքի ազգային գործակալությունը անօթևան շներին տանում է քնեցնելու, չի համապատասխանում իրականությանը:

Սննդամթերքի ազգային գործակալությունը բնակչության որոշակի հատվածին հորդորում է ձեռնպահ մնալ շների հիպերպոպուլյացիայի կառավարման ծրագրի վերաբերյալ չճշտված և սխալ տեղեկատվություն տարածելուց:

«Ճշմարտությանը չի համապատասխանում տարածված տեղեկատվությունը, թե իբր Սննդամթերքի ազգային գործակալությունը անօթևան շներին տանում է «քնեցնելու»։ Շների տեղափոխումն իրականացվում է միայն ծրագրով նախատեսված անասնաբուժական միջոցառումների անցկացման նպատակով և նախատեսում է անօթևան/խնամվող շների պատվաստում կատաղության դեմ, նույնականացում/գրանցում և ամորձատում/ստերիլիզացում։ Այստեղ պետք է նշել նաև, որ հայտնաբերվել են դեպքեր, երբ մինչ պետական ծրագրի մեկնարկը ականջապիտակ ունեցող շների նկատմամբ համապատասխան մանիպուլյացիաներ իրականացված չեն եղել։ Ստուգումից հետո նման շների նկատմամբ նույնպես իրականացվում են ծրագրով նախատեսված անասնաբուժական միջոցառումները։

Անօթևան կենդանիները, համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո, փուլ առ փուլ վերադառնում են անվտանգ միջավայր, բացառությամբ այն վայրերի, որոնք հասարակության բոլոր շերտերի շահերի և անվտանգության ռիսկերի հաշվառմամբ ներառվել են ծրագրում (մանկապարտեզներ, դպրոցներ և այլն)։ Նման դեպքում կենդանիների տեղափոխումն իրականացվում է անվտանգ վայրեր։ Բացի այդ, Սննդամթերքի ազգային գործակալությունը պատրաստ է համագործակցել գրանցված խնամողների հետ կենդանիների տեղափոխման և բնակության վայր վերադարձնելու հարցերի շուրջ։ Ընդգծված պետք է նշել, որ անօթևան շների անվերահսկելի բազմացման պատճառներից մեկն այն է, երբ տերը ինքն է հրաժարվում կենդանուց և թողնում փողոցում։ Հիպերպոպուլյացիայի կառավարման բարեփոխումը հիմնված է համալիր մոտեցման վրա և նախատեսում է նաև տնային շների պատվաստում կատաղության դեմ, չիպավորում, գրանցում միասնական բազայում և էգ շների ստերիլիզացում՝ անվճար։ Շների հիպերպոպուլյացիայի կառավարման բարեփոխումը ենթադրում է նաև կենդանիների տերերի պատասխանատվություն։ Նույնականացման/գրանցման արդյունքում հնարավոր կդառնա պարզել փողոցում թողնված կենդանու տիրոջ ինքնությունը։ Նման տերերը տուգանվում են օրենսդրության համաձայն», – ասված է Սննդամթերքի ազգային գործակալության հայտարարության մեջ։

Նմանատիպ