Սկսվել է ադրբեջանական բնական գազի արտահանումը Սիրիա՝ Թուրքիայի տարածքով
Սկսվել է ադրբեջանական բնական գազի արտահանումը Սիրիա՝ Թուրքիայի տարածքով

Սիրիայում, Թուրքիայի տարածքով, սկսվել է ադրբեջանական բնական գազի արտահանումը։ Այս մասին տեղեկությունը տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիայի Քիլիս քաղաքում անցկացվել է միջոցառում, որը նվիրված էր Ադրբեջանի գազի մատակարարման մեկնարկին Սիրիա Թուրքիայի տարածքով։ Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի, Թուրքիայի, Սիրիայի և Քաթարի կառավարությունների ներկայացուցիչներ։

Ինչպես նշել է Ադրբեջանի տնտեսության նախարար Միկայիլ Ջաբարովը, ադրբեջանական բնական գազի Սիրիա մատակարարման վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Սիրիայի առաջնորդ Ահմադ ալ-Շարաայի հանդիպման ժամանակ։ Ջաբարովի խոսքով՝ այս քայլը կօգնի Սիրիայի էներգետիկ անվտանգության ապահովմանը և կդառնա նոր էներգետիկ կամրջի հիմք Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի միջև։

Իր հերթին, Սիրիայի էներգետիկայի նախարար Մոհամեդ ալ-Բաշիրը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին և Թուրքիային՝ երկարամյա պատերազմի հետևանքով տուժած Սիրիայի վերականգնմանը նպաստելու համար։

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարի խոսքով՝ ադրբեջանական բնական գազի մատակարարումը Սիրիա կիրականացվի Թուրքիայի Քիլիս քաղաքի տարածքով, և ամեն օր Սիրիան կստանա 6 միլիոն խորանարդ մետր գազ։ Նրա հայտարարությամբ՝ առաջին փուլում հնարավոր կլինի Սիրիա տարեկան մատակարարել մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը կօգնի Սիրիայի Ալեփպո քաղաքում էլեկտրակայանի գործարկմանը։