Սիրիական բանակը մտել է արևելյան Հալեպ
Սիրիական բանակը մտել է արևելյան Հալեպ

Սիրիայի բանակը մուտք է գործել Ալեպպոյի արևելքում գտնվող տարածք։ Ինչպես հայտնում է BBC-ն, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ քրդական ուժերը սկսել են նահանջել։

Սիրիայի պետական լրատվական գործակալության տվյալներով՝ Սիրիայի բանակը սկսել է տեղաշարժվել Եփրատի արևմտյան գոտում և հաստատել է լիակատար ռազմական վերահսկողություն Դեյր Հաֆերի վրա։ Զինվորականները խաղաղ բնակչությանը կոչ են արել չմտնել գործողությունների գոտի, մինչև տարածքը լիովին չի ապահովվել։

Ավելի վաղ քրդական ուժերի առաջնորդ Մազլում Աբդին համաձայնել էր ԱՄՆ-ի աջակցությամբ գործող «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» վերախմբավորմանը Եփրատի արևելքում՝ ըստ նրա՝ «բարեկամ երկրների և միջնորդների կոչերի արձագանքով»։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Սիրիայի բանակը Դեյր Հաֆերի շրջանում խաղաղ բնակչությանը կոչ էր անում տարհանվել։ Սիրիայի իշխանությունների տվյալներով՝ տարածքը լքել է առնվազն 4,000 մարդ։ Քրդական ուժերի նահանջից առաջ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան հայտարարել էր, որ քրդերենին կշնորհվի պետական լեզվի կարգավիճակ, իսկ քրդական Նոր տարին կճանաչվի որպես պաշտոնական տոն։ Սա Սիրիայի 1946 թ. անկախացումից ի վեր քրդերի ազգային իրավունքների առաջին պաշտոնական ճանաչումն է։ Նախագահի հրամանագրում նշվում է, որ քրդերը «Սիրիայի կարևոր և անբաժանելի մասն են», և ընդգծվում է, որ նրանք տասնամյակներ շարունակ ենթարկվել են ճնշումների նախորդ իշխանությունների կողմից։

Ի պատասխան այս որոշման՝ Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններում գործող քրդական վարչակազմը հայտարարել է, որ սա «միայն առաջին քայլն է» և պահանջել է քրդերի իրավունքների ամրագրում Սիրիայի Սահմանադրությունում։

Նշենք, որ 2024 թվականին Բաշար Ալ-Ասադի բազմամյա կառավարման տապալումից հետո, նախագահ Ալ-Շարան փորձում է քրդական կառույցների ինտեգրումը Սիրիայի պետական հաստատություններին։ 2025-ի մարտին համապատասխան համաձայնագիր է ստորագրվել, սակայն այն դեռ լիովին չի իրագործվել։ Կողմերը միմյանց են մեղադրում ձգձգումների համար։