Շառլ Միշելը հանդիպել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ
«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովից մեկ օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Մինչ եռակողմ հանդիպումը, Շառլ Միշելը Փաշինյանի և Ալիևի հետ անց է կացրել անհատական հանդիպումներ:
Ըստ մամուլի հրապարակումների՝ եռակողմ հանդիպման հիմնական թեման եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև անհամաձայնության կարգավորումը։ Եվրոպական խորհրդի նախագահի խոսքով, Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սկսել երկու երկրների միջև հաղորդակցական ենթակառուցվածքների վերակառուցումը։ Շառլ Միշելի խոսքով՝ հանդիպման հիմնական նպատակներից էր երկու երկրների միջև վստահության մթնոլորտի ստեղծումը։ Նաև, ըստ Եվրոպական խորհրդի նախագահի, Եվրամիությունը հասանելի կդարձնի փորձագետների խումբը, որը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը: Փորձագետների խումբը երկու կողմերին էլ տեխնիկական աջակցություն կտրամադրի։
Հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահը Twitter-ում գրել է, որ կարևոր հանդիպում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Շառլ Միշելի խոսքով՝ ուղիղ երկխոսությունը էական նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման համար։