Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանին և հանձնաժողովի անդամներին։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է Վրաստանի և Հայաստանի օրենսդիր մարմինների միջև առկա արդյունավետ համագործակցությունն ու փոխայցելությունների դրական դինամիկան։ Նշվել է նաև ոլորտային հանձնաժողովների միջև հաճախակի փոխանակումների կարևորությունը։
Շալվա Պապուաշվիլին կարևորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» հինգերորդ ֆորումին, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի աշխատանքային այցը Վրաստան։
Սիսակ Գաբրիելյանը Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում «Վրացական երազանքի» համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանին՝ Հայաստանի հանդեպ միջազգային տարբեր հարթակներում ցուցաբերած աջակցության համար։
Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները։ Նշվել է, որ տարածաշրջանային խաղաղությունը մեծ օգուտ կբերի տարածաշրջանի երեք երկրներին։ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը միշտ մեծապես աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը, և վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները լավ հնարավորություն են տարածաշրջանային զարգացման նոր փուլի մեկնարկի համար։
Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանի խորհրդարանի Կրթության, գիտության և երիտասարդական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարիամ Լաշխը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։