Շալվա Պապուաշվիլի. Միխեիլ Ղավելաշվիլիին մաղթում եմ վրաց ժողովրդին և վրացական պետության հավատարմություն իր նախագահության ընթացքում, սա միակ անսխալական ճանապարհն է ցանկացած ղեկավարի համար
Այսօր Վրաստանում պատմական օր է, ուժի մեջ է մտել Վրաստանի Սահմանադրությունը, որը նախատեսում է երկրի լիարժեք խորհրդարանական կարգավորում։ Այսօր խորհրդարանի պալատում կայացած նախագահական ընտրություններում ընտրական կոլեգիան ընտրեց Վրաստանի վեցերորդ նախագահին,- սոցցանցում գրում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ կապված Միխեիլ Ղավելաշվիլիի նախագահի պաշտոնում ընտրվելու հետ։
Ինչպես նշում է Պապուաշվիլին, առաջիկա հինգ տարիների ընթացքում Միխեիլ Ղավելաշվիլին կկատարի նախագահի սահմանադրական լիազորությունները։
Ըստ Շալվա Պապուաշվիլիի, նոր նախագահի հիմնական առաքելությունն ու մարտահրավերը նախագահական ինստիտուտի սահմանադրական լիազորությունների շրջանակներում գործողության նախադեպ ստեղծելն է։
«Վրացական քաղաքականությունը լի է արկածախնդիր քաղաքական գործիչներով, ովքեր միշտ պատրաստ են դուրս գալ սահմանադրական շրջանակներից՝ սեփական նեղ քաղաքական նպատակների իրականացման համար, որոնց հետևում թաքնված է անտեսանելի ձեռքը։
Իշխանության չարաշահման նման ձևերը խախտում են երկրում արդարադատության, օրենքի գերակայության և սահմանադրական կարգի հիմքերը։ Այդ իսկ պատճառով նորընտիր նախագահի գերխնդիրը լինելու է իրեն վերապահված լիազորություններն արժանապատվորեն և պատասխանատվության լիարժեք գիտակցումով կատարելը։
Հիմնական բանը, որ ցանկանում եմ մաղթել Միխեիլ Ղավելաշվիլիին նրա նախագահության ընթացքում, վրաց ժողովրդի և վրացական պետության հավատարմությունն է։ Սա միակ անսխալական ճանապարհն է ցանկացած ղեկավարի համար»,- գրում է Շալվա Պապուաշվիլին: