Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի դրդի նրանց դադարեցնել կրակը և սկսել բանակցություններ. Մարիա Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ինտենսիվ բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի դրդի նրանց դադարեցնել կրակը և սկսել բանակցություններ,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ Սերգեյ Լավրովը շփման մեջ է կողմերի հետ, որպեսզի դրդի նրանց դադարեցնել կրակը և սկսել բանակցություններ»,- ասել է Զախարովան:
Միևնույն ժամանակ, արդեն հայտնի է, որ Ռուսաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել իր հայ գործընկերոջ հետ:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը ծայրաստիճան լարված է: Կողմերը հայտնում են ռազմական բախումների և զոհերի մասին:Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր առավոտյան Հայաստանի կողմից իրականացվել է լայնածավալ հարձակում: Արդյունքում կան զոհեր, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Ադրբեջանի բանակն անցել է հակահարձակման: Հայաստանում ասում են, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ զինվորականները խոցել են ադրբեջանական երկու ուղղաթիռ և անօդաչու թռչող սարք: Նրանց խոսքով, կրակոցների ձայնը լսվում էր նաև Ստեփանակերտում: Դրա հետ մեկտեղ, Հայաստանի կառավարությունը երկրում հայտարարել է արտակարգ դրություն: