Սահմանափակումներին չենթարկվելու դեպքում, Վրաստանում կհայտարարվի համընդհանուր կարանտին. Վարչապետի մամլո խոսնակ
Սահմանափակումներին չենթարկվելու դեպքում, Վրաստանում կհայտարարվի համընդհանուր կարանտին. Վարչապետի մամլո խոսնակ

Եթե չպաշտպանենք արտակարգ դրությամբ գործարկված սահմանափակումները, ստիպված կլինենք առաջիկայում ծայրահեղ խստացնել միջոցները և ողջ երկրի մասշտաբով հայտարարել կարանտին,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի մամլո խոսնակ Իրակլի Չիքովանին կառավարության վարչությունում:

Չիքովանիի հայտարարությամբ, երկրում արագ կերպով ավելանում են կորոնավիրուսի դեպքերը:

«Հիշեցնեմ, որ վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 30 նոր դեպք: Մեկ շաբաթում 140-ով ավելացել է դեպքերի թիվը, որը արագ ավելացման ցուցանիշ է:

Ընդհանուր, այսօրվա տվյալներով, ունենք 348 հաստատված դեպք և երկրում սկսվել է ակտիվ ներքին տարածման փուլը:

Քաղաքացիների շարժականությունը նվազեցնելու նպատակով, 4 մեծ քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում և Ռուսթավիում երեկ, ժամը 21:00-ից արգելվել էր մուտքը և ելքը: Չնայած մասնագետների խիստ հանձնարարականների՝ մնանք տանը, մենք տեսնում ենք, որ շարժականությունը բավականին ինտենսիվ է, որը մեծ վտանգ է ներկայացնում»,- հայտարարել է Չիքովանին:

Նրա խոսքով, վաղվանից խստացվում են միջոցները և մինչև ապրիլի 21-ը ներառյալ, երկրում ամբողջովին արգելվում է թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը:

«Վաղվանից, ժամը 12:00-ից, արտակարգ դրության ժամկետով, այսինքն՝ մինչև ապրիլի 21-ը ներառյալ, երկրում ամբողջովին  արգելվում է թեթև ավտոմեքենաներով տեղաշարժը: Սահմանափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին և մատակարարող մեքենաներին: Ընդգծում եմ, որ սննդամթերքի խանութները, դեղատները և այլ օբյեկտները, որոնք մինչ այժմ աշխատում էին, կշարունակեն աշխատանքը, շարունակում են աշխատանքը նաև առաքման ծառայությունները:

Բացի այդ, թույլատրված տնտեսական գործունեության շրջանակներում գործող ընկերությունները, աշխատակիցների փոխադրումն ապահովելու համար, համապատասխան թույլտվություն ստանալու նպատակով պետք է դիմեն բնագավառային նախարարություններին: Նրանք կարող են զանգահարել նաև թեժ գիծ՝ 144 հեռախոսահամարին»,- նշել է Չիքովանին:

Բացի այդ, վաղվանից պարտադիր է դառնում բժշկական դիմակներ կրելը հանրային փակ տարածքում:

«Միևնույն ժամանակ, վաղվանից պարտադիր է դառնում բժշկական դիմակներ կրելը հանրային փակ տարածքում: Այս պահանջի պատասխանատվությունը կրողը իրավաբանական անձինք են: Իրավաբանական անձանց պատասխանատվությունը սահմանվել է 15 հազար լարիով»,- նշել է Չիքովանին:

Նրա խոխսքով, վաղվանից սահմանափակումներ կգործեն նաև գերեզմանոցներ մուտք գործելու առնչությամբ:

«Այն դեպքում, եթե յուրաքանչյուր քաղաքացի, մասնավոր սեկտորը, կառավարությունը, բիզնեսը, կրոնական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունը, բոլորս չպաշտպանենք օրենքը, արտակարգ դրությամբ գործարկված սահմանափակումները, ապա դա կդառնա երկրում համաճարակային իրավիճակի կտրուկ սրման հիմք և ստիպված կլինենք առաջիկայում առավել խստացնել միջոցները և ողջ երկրի մասշտաբով հայտարարել համընդհանուր կարանտին»,- հայտարարել է Իրակլի Չիքովանին: