Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ռեկորդային ցուցանիշ
Ռուսաստանում, պաշտոնական վիճակագրությամբ, վերջին 24 ժամում կորոնավիրուս է ախտորոշվել 16 550 մարդու մոտ, մահացել է 320 վարակակիր: Այս համավարակի մեկնարկից մինչ օրս սա Ռուսաստանում արձանագրված զոհերի ռեկորդային ցուցանիշ է: Համապատասխան տվյալները տարածվել է Ռուսաստանի իշխանության հատուկ կայքէջում:
Համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով, «Ռոսպոտրեբնադզորի» որոշմամբ, Ռուսաստանում հոկտեմբերի 28-ից բազմամարդ հավաքի վայրերում, տրանսպորտում և վերելակներում պարտադիր է դառնում շնչադիմակ կրելը:
Արգելվում է երեկոյան ժամը 11:00-ից հետո սրճարանների և ռեստորանների աշխատանքը: Պաշտոնական վիճակագրությամբ, հոկտեմբերի 27-ի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում կորոնավիրուս է ախտորոշվել ավելի քան 1,5 միլիոն մարդու մոտ, այդ թվում, ապաքինվածների թիվը գերազանցում է մեկ միլիոն 158 հազարը, մահացել է 26 589 մարդ: