Մարկ Ռյուտե՝ հիանալի է այն, ինչ Թրամփն անում է ՆԱՏՕ-ի համար, ինձ դուր է գալիս այս մարդը, նա հասնում է նրան, ինչին նախագահները փորձում էին հասնել Էյզենհաուերի ժամանակներից ի վեր՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պաշտպանական ծախսերի հավասարեցումը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ էր, երբ ճնշում էր գործադրում դաշնակիցների վրա՝ պաշտպանական ծախսերն ավելացնելու նպատակով, և այն ժամանակ նույնպես, երբ պատերազմ սկսեց Իրանի դեմ։ Այս մասին Ռյուտեն հայտարարել է «Պոլիտիկո»-ին (Politico) տված հարցազրույցում։
«Ես պարզապես հավանում եմ այդ մարդուն։ Կարծում եմ՝ այն, ինչ նա անում է ՆԱՏՕ-ի համար, հիանալի է»,— նշել է Ռյուտեն։
Նրա խոսքով՝ նախագահ Թրամփը հասնում է այն բանին, ինչին ամերիկյան նախագահները փորձում էին հասնել Էյզենհաուերի ժամանակներից ի վեր՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պաշտպանական ծախսերի հավասարեցմանը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ այս տարի անցկացվող գագաթնաժողովը կլինի «տրանսֆորմացիոն» և կհատկացնի կարևոր, միլիարդավոր դոլարների ֆինանսավորում կրիտիկական նշանակություն ունեցող պաշտպանական ծրագրերի համար։
«Մենք պետք է դա անենք ռուսների կողմից բխող սպառնալիքի պատճառով, և մենք տեսնում ենք, թե ինչ են անում ռուսներն Ուկրաինայում»,— նշել է Ռյուտեն։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ չնայած տարաձայնություններին, դաշինքը շարունակում է լիարժեք գործընկերությունը ԱՄՆ-ի հետ։
«Կարծում եմ՝ նախագահը ճիշտ է նրանում, որ կան առանձին դեպքեր, երբ նա արդարացիորեն հուսահատություն (հիասթափություն) ունի, բայց եթե նայեք այն ամենի ավելի լայն պատկերին, ինչ անում են եվրոպացիները, դա իսկապես հսկայական գործ է»,— հայտարարել է Մարկ Ռյուտեն։