Ռուսաստանը պնդում է, որ Թրամփ-Պուտին հանդիպման ծրագիրը համաձայնեցված է
Ռուսաստանը պնդում է, որ Թրամփ-Պուտին հանդիպման ծրագիրը համաձայնեցված է

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնեցրել են Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ծրագիրը։

Յուրի Ուշակովի խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա Ալյասկայի Անքորիջ քաղաքում գտնվող Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի տարածքում գտնվող շենքերից մեկում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև բանակցությունները կանցկացվեն ընդլայնված ձևաչափով՝ 5+5 բանաձևով։

«Նախագահներից բացի, հանդիպմանը կմասնակցեն յուրաքանչյուր երկրի պատվիրակությունից հինգ անդամ, մոտակայքում կլինեն նաև փորձագետներ», – ասել է Ուշակովը։

Նրա խոսքով՝ Թրամփի և Պուտինի դեմ առ դեմ հանդիպումը կսկսվի Մոսկվայի ժամանակով ժամը 22:30-ին։ Դրա տևողությունը կախված կլինի առաջնորդներից։ Դրանից հետո առաջնորդները կհավաքվեն աշխատանքային նախաճաշի՝ պատվիրակության անդամների հետ։

Բացի այդ, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ Ալյասկայում նախատեսված հանդիպման հիմնական թեման կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը։

«Բանակցությունների կենտրոնական թեման կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը, այդ թվում՝ օգոստոսի 6-ին Կրեմլում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումները։ Բնականաբար, առաջնորդները կանդրադառնան նաև խաղաղության և անվտանգության ապահովման ավելի լայն խնդիրների։ Միջազգային և տարածաշրջանային հարցերը նույնպես արդիական և ամենասուրն են։ Ակնկալվում է մտքերի փոխանակում երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում։ Ես նշում եմ, որ այս համագործակցությունն ունի հսկայական և դեռևս չօգտագործված ներուժ», – ասել է Ուշակովը։

Բանակցություններից հետո կկայանա Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի համատեղ մամուլի ասուլիսը։

Մոսկվայի տվյալներով՝ ռուսական պատվիրակության կազմում կլինեն նախագահի օգնական Յուրի Ուշակովը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։