Ռուսաստանը կրկին հրթիռային հարձակում է իրականացրել Ուկրաինայի Նիկոլաև քաղաքի և Խարկովի մարզի բնակավայրերի վրա, կան վիրավորներ
Ռուսական բանակը օգոստոսի 3-ի լուսաբացին կրկին հրթիռային հարձակում է իրականացրել Ուկրաինայի Նիկոլաև քաղաքի և Խարկովի մարզի բնակավայրերի վրա: Արդյունքում վնասվել են բնակելի շենքեր, բռնկվել են հրդեհներ, որոնք ավելի ուշ մարվել են: Տեղեկատվությունը հրապարակել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Նիկոլաևի մարզի նահանգապետ Վիտալի Կիմի խոսքով՝ քաղաքում ռուսական հարձակման հետևանքով վիրավորվել է երեք մարդ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Եվս մի քանի մարդու առաջին բուժօգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում։
Պայթյուններ են տեղի ունեցել Խարկովի մարզի Չուգուև և Բալակլավա քաղաքներում: Չուգուևում հարձակման թիրախը մասնավոր բնակելի թաղամասն էր, որտեղ վնասվել են տների տանիքներն ու պատուհանները: Քաղաքապետ Գալինա Մինաևայի խոսքով՝ երեք կին տեղափոխվել են հիվանդանոց՝ բժշկական օգնություն ստանալու համար: Նրանք հոգեբանական շոկ են ստացել։
Բալակլավայում անօդաչու թռչող սարքը հարվածել է բնակելի շենքերից մեկին: Մեկ մարդ վիրավորվել է: Բացի այդ, Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի հարված է գրանցվել նաև Խարկովի Շևչենկոյի շրջանում: