Պավել Հերչինսկի. Վրաստանը կամավոր կերպով հայտնեց Եվրամիությանն անդամակցելու ցանկություն, և հենց Վրաստանը պետք է մեզ ցույց տա, որ համապատասխանում է անդամակցության չափանիշներին
«Ընդլայնման փաթեթը, որն այսօր ներկայացված է, ցույց է տալիս շատ հստակ պատկեր՝ ընդլայնման գործընթացը առաջ է ընթանում։ Ինչպես նոր հայտարարեցին Եվրամիության բարձր ներկայացուցիչ և փոխնախագահ Կայա Կալասը և եվրոհանձնակատար Մարտա Կոսը Բրյուսելում, այս տարի ընդլայնման գործընթացն ավելի շատ արդյունքների է հասել, քան անցած 25 տարիների ընթացքում ցանկացած այլ փուլում», – այս մասին Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է ընդլայնման զեկույցի հետ կապված անցկացված մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ սա ոչ միայն թեկնածու երկրների և Եվրոհանձնաժողովի, այլև անդամ պետությունների ձեռքբերումն է։
«Ուրախ եմ, որ մի քանի գործընկերներ, ովքեր ներկայացնում են այդ անդամ պետությունները, մեզ հետ միասին կիսում են այս գնահատականը։ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ առաջընթացը դարձյալ հիմնված է օբյեկտիվ չափանիշների և յուրաքանչյուր երկրի սեփական ձեռքբերումների վրա։ Դրանց թվում բանակցությունների հիմնական առանցքային արժեքներն են որոշում։ 2026 թվականի ընդլայնման փաթեթն այս ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ է։
Այս տարի արձանագրված առաջընթացը նույնպես ցույց է տալիս, թե որքան կարևոր տարբերություն կա մեր թեկնածու երկրների միջև։ Նրանցից ոմանք շատ զգալիորեն առաջ են ընթանում դեպի ԵՄ անդամակցություն։ Մյուսներում առաջընթացը բավականին դանդաղ է, իսկ որոշ դեպքերում, ցավոք, մենք տեսնում ենք էլ ավելի մեծ ռեգրես։ Այս տարբերությունները մեզ ցույց են տալիս, թե ինչու են կարևոր քաղաքական որոշումները, ինչու է կարևոր քաղաքական կամքը։
Ընդլայնման փաթեթը վերաբերում է Եվրամիության ապագային։ Այն վերաբերում է նաև Վրաստանի տեղին այդ ապագայում։ Հիմնարար արժեքների ուղղությամբ ընթացող հետընթացը, որին անցած տարվա ընթացքում ականատես էինք լինում Վրաստանում, հաստատում է, որ Վրաստանը, ցավոք, միայն անվանապես է մնում Եվրամիության թեկնածու երկիր և կրկին հրաժարվում է այն առավելություններից, որոնք տալիս են թեկնածուի կարգավիճակն ու նախաբանակցային փուլը», – հայտարարել է Հերչինսկին։
Բացի այդ, նրա խոսքով՝ «Վրաստանի իշխող կուսակցությունը շարունակում է թուլացնել Վրաստանի եվրոպական ուղին, հարձակում է գործում ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության և հիմնարար արժեքների վրա, ինչպես նաև նպաստում է պետության իշխանության հետագա յուրացմանը»։
«Կարևոր է նաև, որ էլ ավելի է թուլացել քաղաքացիական տարածքը՝ հետզհետե ավելի ու ավելի ռեպրեսիվ օրենսդրության հետևանքով։ Իշխանության կողմից հայտարարված կամքը՝ անդամակցելու Եվրամիությանը, կրկին հակասության մեջ է մտնում նրանց կողմից հաճախ արտահայտվող թշնամական, հակաեվրոպական հռետորաբանության, մանիպուլյատիվ նարատիվների և դավադրության տեսությունների հետ, որոնք թուլացնում են եվրոպական արժեքները, և այն փաստի հետ, որ նրանք չեն կարողանում իրականացնել առանցքային, Եվրամիության հետ կապված բարեփոխումները։ Հիմնական ընդդիմադիր կուսակցությունները Սահմանադրական դատարանի միջոցով արգելելու փորձերը սպառնալիք են ներկայացնում Վրաստանի ժողովրդավարության հիմքերին, ինչպես հայտարարել է Եվրամիության բարձր ներկայացուցիչը, Վրաստանի իշխանությունը բռնել է Եվրամիության հետ բախման ուղին։ Միևնույն ժամանակ, Եվրամիության երկարամյա աջակցությունը Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը կրկին ամուր է։ Անխափան է նաև մեր աջակցությունը Վրաստանի բնակչության, վրաց ժողովրդի եվրոպական ընտրությանը։ Եթե Վրաստանի իշխանությունը որոշի փոխել իր կուրսը և կրկին աջակցել հիմնարար արժեքներին, որոնք ընկած են Եվրամիությանն անդամակցելու հիմքում, որոնք են՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու հիմնարար իրավունքները, Վրաստանի եվրոպական ուղին կրկին կվերականգնվի։
Վրաստանը կամավոր կերպով հայտնեց Եվրամիությանն անդամակցելու ցանկություն, և հենց Վրաստանը պետք է մեզ ցույց տա, որ համապատասխանում է անդամակցության չափանիշներին։ Ընդլայնման մի շարք զեկույցներ տեղեկացրել են Վրաստանի իշխանությանը, թե ինչ է անհրաժեշտ անել այդ չափանիշներին համապատասխանելու համար։ Այսօր Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը դե ֆակտո կանգ է առել։ Անցած տարվա ընթացքում Վրաստանում իրավիճակն էլ ավելի է վատթարացել։ Շատ լուրջ հետընթաց կա ժողովրդավարության տեսանկյունից, օրենքի գերակայության արագ էրոզիա և սահմանափակումներ են դրվում հիմնարար արժեքների վրա։ Այս ամենը քաղաքական որոշումների, քաղաքական ընտրության արդյունք է, որն արվել է Վրաստանում։ Որոշումներն նշանակություն ունեն, որոշումները հետևանքներ ունեն։ Եվրոպական ուղին կրկին բաց է Վրաստանի համար, եթե Վրաստանի իշխանությունը որոշի փոխել կուրսը և կրկին կանգնել ժողովրդավարության ու օրենքի գերակայության, հիմնարար արժեքների ճանապարհին։ Մեր աջակցությունը Վրաստանի ժողովրդի եվրոպական շահերին շարունակում է մնալ անխափան», – հայտարարել է Պավել Հերչինսկին։
Նյութը պատրաստված է համաժամանակյա թարգմանության համաձայն։