Արտաքին գերատեսչություն. Մտահոգիչ է, որ փաստացի անճշտություններով և սխալ գնահատականներով Եվրոհանձնաժողովի զեկույցը նպաստում է հակավրացական նարատիվների ամրապնդմանը, նվազեցնում է կառուցողական ներգրավվածության և երկխոսության տարածքը

21:00, 04.11.2026
Անընդունելի է Եվրոհանձնաժողովի զեկույցի փորձը՝ որպես պետության յուրացում ներկայացնել ժողովրդի կողմից մեծ առավելությամբ ընտրված իշխանության կողմից պետության կառավարումը, ինչը ցանկացած ժողովրդավարական հասարակությունում ընտրված իշխանության պարտավորությունն է պետության և սեփական ընտրողի առջև, – այս մասին նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։
«2026 թվականի նոյեմբերի 4-ին Եվրոհանձնաժողովը հրապարակել է ընդլայնման քաղաքականության մասին համատեղ հաղորդագրությունը, որը ներառում է զեկույց թեկնածու և պոտենցիալ թեկնածու երկրների, այդ թվում՝ Վրաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ գործադրված ջանքերի մասին։
Ինչպես հայտնի է, Եվրոհանձնաժողովի զեկույցում տարվա ընթացքում արձանագրված առաջընթացի արտացոլումը տեղի է ունենում թեկնածու երկրների կողմից ներկայացված տեղեկատվության, ինչպես նաև Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրով սահմանված երկխոսության ձևաչափերի շրջանակներում իրականացված աշխատանքի հիման վրա։
Ցավալի է, որ հաշվետու ժամանակահատվածում Եվրամիության կողմը Եվրոպական խորհրդի 2024 թվականի հունիսի 27-ի եզրակացությունների հիման վրա վրացական կողմի հետ երկխոսության դադարեցման պատրվակով դարձյալ չի անցկացրել Ասոցացման համաձայնագրով նախատեսված և ոչ մի հանդիպում ոչ մի մակարդակում, ինչը էապես սահմանափակում է Եվրոհանձնաժողովի կողմից առաջընթացի օբյեկտիվ գնահատման հնարավորությունը։
Մտահոգիչ է, որ փաստացի անճշտություններով և սխալ գնահատականներով Եվրոհանձնաժողովի զեկույցը նպաստում է հակավրացական նարատիվների ամրապնդմանը, ինչն իր հերթին նվազեցնում է Վրաստանի հետ Եվրամիության կառուցողական ներգրավվածության և երկխոսության տարածքը։
Անընդունելի է Եվրոհանձնաժողովի զեկույցի փորձը՝ որպես պետության յուրացում ներկայացնել ժողովրդի կողմից մեծ առավելությամբ ընտրված իշխանության կողմից պետության կառավարումը, ինչը ցանկացած ժողովրդավարական հասարակությունում ընտրված իշխանության պարտավորությունն է պետության և սեփական ընտրողի առջև։
Մտահոգիչ է, որ զեկույցը ընտրողական վերլուծության հիման վրա նպաստում է իրավական հարցերի քաղաքականացման փորձերին, ինչը խաթարում է օրենքի գերակայության սկզբունքը և երկրի ներքին գործերին միջամտելու բացահայտ փորձ է ներկայացնում։
Տարբեր դերակատարների կողմից Վրաստանի դեմ ուղղված գործողությունների վերաբերյալ վրաց քաղաքական գործիչների կողմից արված պատասխան հայտարարությունները որպես թշնամական հռետորաբանություն գնահատելը հարձակում է արտահայտման ազատության սկզբունքի վրա, ծառայում է վստահության խարխլմանը և վնասում է Վրաստանի ու Եվրամիության միջև գործընկերության հիմքերին։
Չնայած նրան, որ ընդլայնման զեկույցը Վրաստանի վերաբերյալ մեծամասամբ օգտագործված է միտումնավոր գնահատականներ հնչեցնելու և քաղաքական սպեկուլյացիաներն ամրապնդելու համար, վրացական կողմը մանրամասն կուսումնասիրի Եվրոհանձնաժողովի զեկույցը և հիմնավորված մեկնաբանություններ կներկայացնի Եվրոհանձնաժողովին։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս մեկ անգամ հաստատում է Վրաստանի իշխանության պատրաստակամությունը՝ փոխադարձ հարգանքի հիման վրա Եվրամիության հետ բաց և կառուցողական երկխոսության համար», – նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Նմանատիպ