Ռուսական ուժերը «Սմերչ» հրթիռային կայանքներից կրակ են բացել Կոնստանտինովկա քաղաքի վրա, որի հետևանքով զոհվել է երեք մարդ
Ռուսական ուժերը «Սմերչ» հրթիռային կայանքներից կրակ են բացել Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքի վրա: Տեղական իշխանությունների տվյալներով՝ զոհվել է երեք մարդ, ևս չորս խաղաղ բնակիչ վիրավորվել է:
Քաղաքում վնասվել են բնակելի շենքեր, մեքենաներ, խանութներ և էլեկտրահաղորդման գծեր:
Դոնեցկի մարզային վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինի խոսքով՝ ռուս զինվորականները Կոնստանտինովկայի ուղղությամբ արձակել են ութ «Սմերչ» հրթիռ՝ թիրախավորելով տեղական շուկան: Ֆիլաշկինը նշել է, որ քաղաքացիների համար վտանգավոր է մնալ Դոնեցկի մարզում, քանի որ ռուսական ուժերը միտումնավոր են հարձակումներ իրականացնում՝ որքան հնարավոր է շատ քաղաքացիների սպանելու և խեղելու համար: Նա կոչ է անում տեղի բնակիչներին ժամանակին տարհանվել:
Կոնստանտինովկան առաջնագծի բնակավայր է:
Այսօր Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ օկուպացիոն ուժերը ուժեղացրել են ճնշումը Դոնեցկի մարզի հյուսիսային հատվածում՝ Լիմանի ուղղությամբ: Նա այցելել է Դոնեցկի մարզում տեղակայված ուկրաինական զորամասեր: