Ռուսական ուժերը օդային հարված են հասցրել Օդեսայի բնակելի շենքին, կան վիրավորներ
Ռուսական զինվորականները Օդեսայի վրա անօդաչու թռչող սարքերով օդային հարված են հասցրել։ Բնակելի բարձրահարկ շենքի վրա հարձակման հետևանքով կան վիրավորներ։
Մարզային պետական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ չնայած ՀՕՊ-ի ակտիվ աշխատանքին, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես՝ բնակելի շենքերը։
Կիպերը մանրամասնել է, որ հարձակման հետևանքով վեց բնակարան ամբողջությամբ ավերվել է, իսկ 36-ը՝ մասամբ վնասվել։ Վիրավորների թվում կան 7 և 9 տարեկան տղա և աղջիկ։
Երեխաները տուժել են ծխի շնչառությունից և տեղափոխվել են հիվանդանոց։
Շենքից տարհանվել է 50 բնակիչ։ Հատուկ տեխնիկայի օգնությամբ վերին հարկերից դուրս է բերվել 10 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ վիրավորվել է հինգ մարդ։