Մարիամ Կվրիվիշվիլին չինական «Meituan» թվային հարթակի փոխնախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկել է այդ հարթակի միջոցով չինական շուկայում վրացական արտադրանքի վաճառքի հնարավորությունները
Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին հանդիպել է Չինաստանի խոշորագույն թվային հարթակներից մեկի՝ «Meituan»-ի փոխնախագահ Մաո Ֆանգի հետ։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։
Ըստ նախարարության՝ հանդիպմանը քննարկվել է «Meituan»-ի էլեկտրոնային առևտրի հարթակի միջոցով չինական շուկայում վրացական արտադրանքի վաճառքի հնարավորությունը։ Այս նախաձեռնությունը կնպաստի առևտրային նոր ուղիների ստեղծմանը և կարող է խթանել արտահանումը։ Որպես հեռանկարային ապրանքատեսակներ՝ առանձնացվել են վրացական գինին, հանքային ջրերը, պնդուկը, հյութերն ու պահածոյացված արտադրանքը։
Հանդիպման ընթացքում նշվել է, որ Վրաստանի և Չինաստանի միջև առկա համապարփակ ռազմավարական գործընկերությունը ամուր հիմք է ստեղծում տնտեսական համագործակցության խորացման և նոր հնարավորությունների զարգացման համար։
«Հատուկ շեշտադրում է կատարվել չինական շուկայի ռազմավարական նշանակության վրա՝ վրացական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման համատեքստում», – նշված է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տարածած հաղորդագրության մեջ։