Ռուսական հրթիռներն ու հրետանին չեն կարող խախտել մեր միասնությունը. Վոլոդիմիր Զելենսկի
Ռուսական հրթիռներն ու հրետանին չեն կարող խախտել մեր միասնությունը,-այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բնակչությանն ուղղված իր ամենօրյա տեսաուղերձում։
Զելենսկու խոսքով՝ 32 տարի առաջ այս օրը ընդունվել է Ուկրաինայի պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը։
«Սա այս մակարդակի առաջին փաստաթուղթն էր երկար տարիների ընթացքում, որը հաստատում էր մեր ժողովրդի անկախ ապրելու իրավունքը, անկախ և ժողովրդավարական ճանապարհով: 32 տարի անց՝ Դոնբասում ութ տարվա պատերազմից հետո և Ռուսաստանի դեմ լայնամասշտաբ պատերազմի 143-րդ օրը, կարող էր թվալ, որ հռչակագրի տեքստը կարող էր տարբեր լինել, այդ թվում՝ անվտանգության տեսանկյունից։ Բայց այն ժամանակ այս տեքստը նույնպես հեղափոխական էր: Հռչակագիրը վերականգնեց ուկրաինական պետականության ավանդույթը, և դրա հիման վրա էլ հետագայում ընդունվեց Ուկրաինայի անկախության հռչակման ակտը։ Այսօր, երբ մեր ժողովուրդը պայքարում է անկախության համար, մենք իրավունք ունենք դա անելու բառի ողջ իմաստով` պատմական, քաղաքական, մշակութային, և այն, ինչ շատ կարևոր է, իրավական առումով»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ փետրվարի 24-ից Ուկրաինան կարողացել է վերադարձնել տարածքների մի մասը և աստիճանաբար կկարողանա վերադարձնել մյուս օկուպացված տարածքները, սակայն գլխավորը, որ արել է ուկրաինացի ժողովուրդը, միասնության պահպանումն է։
«Մենք բոլորս պետք է հիշենք սխալների ու բաժանումների արժեքը, որոնք դժվարացրել են նախորդ սերունդների համար հասնել այն արդյունքներին, որ ունենք այսօր: Մենք պետք է հիշենք, թե մեր ժողովուրդը որքան պետք է դիմանա, մինչև հնարավոր դառնար վերականգնել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը»,- ասել է Զելենսկին։
Բացի այդ, Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ ամեն ինչի հետ մեկտեղ Ռուսաստանը տեղեկատվական պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ և կոչ է արել բնակչությանը հուզական ինքնիշխանություն ունենալ և չհետևել Ռուսաստանի տարածած կեղծ լուրերին։
«Երբեմն տեղեկատվական զենքերը կարող են ավելի ուժեղ հարվածել, քան սովորական զենքերը»: Հասկանալի է, որ ոչ մի ռուսական հրթիռ և հրետանի չի կարողանա խախտել մեր միասնությունը և մեզ շեղել մեր ճանապարհից։ Ակնհայտ է նաև, որ ոչ սուտը, ոչ ահաբեկումը, ոչ կեղծիքը, ոչ դավադրության տեսությունները չեն կարող խախտել Ուկրաինայի միասնությունը։ Մենք կդիմանանք։ Մենք կհաղթենք: Մենք կվերադարձնենք մերը, կկառուցենք մեր կյանքը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։