Ռոյթերս - Վոլոդիմիր Զելենսկին Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում մերժել է Պուտինի պահանջը՝ Դոնեցկի ամբողջ շրջանը զիջելու մասին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ թրամփի հետ հեռախոսազրույցում, մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պահանջը՝ զիջել Դոնեցկի ամբողջ շրջանը՝ մյուս առաջնագծերը սառեցնելու դիմաց,- այս մասին հաղորդում է Ռոյթերսը՝ հղում անելով իր սեփական աղբյուրին։
Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկիի հետ՝ Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպումից հետո։ Ուկրաինայի և ԱՄՆ նախագահների զրույցին, որը, ըստ Ուկրաինայի առաջնորդի, տևել է մեկուկես ժամ, միացել են նաև Եվրոպայի և ՆԱՏՕ-ի առաջնորդները։
Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը նախատեսված է երկուշաբթի օրը Վաշինգտոնում, որին, ըստ Ռոյթերսի աղբյուրի, հրավիրվել են նաև եվրոպացի առաջնորդներ։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Թրամփը Զելենսկիին ասել է, որ Պուտինը առաջարկել է սառեցնել առաջնագիծը, եթե Ուկրաինան ամբողջությամբ դուրս բերի իր ուժերը Դոնբասից, ինչը Զելենսկին բացառել է։
Բացի այդ, ըստ «Նյու Յորք Թայմս»-ի, Ռուսաստանը պահանջում է երաշխիքներ, որ պատերազմից հետո ռուսերենը կդառնա պաշտոնական լեզու Ուկրաինայում, և որ Ռուս ուղղափառ եկեղեցին կկարողանա ազատորեն գործել Ուկրաինայի տարածքում։
Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին Ալյասկայի ամերիկյան ռազմաբազայում։ Սա ԱՄՆ-Ռուսաստան առաջին գագաթնաժողովն էր այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսեց լայնածավալ պատերազմ Ուկրաինայում։ Առաջնորդների բանակցությունները տևել է երեք ժամ։