«Ռոյթերս» – «Գազպրոմը» այսօրվանից կկրճատի ֆրանսիական բնական գազի խոշորագույն օպերատոր Engie-ին գազի մատակարարումը
«Գազպրոմը» այսօրվանից կկրճատի ֆրանսիական բնական գազի խոշորագույն օպերատոր Engie-ին գազի մատակարարումը։
Ինչպես գրում է «Reuters»-ը, այս մասին նշված է ֆրանսիական ընկերության հայտարարության մեջ։
Ընկերության հաղորդագրության համաձայն՝ գազի մատակարարումը կսահմանափակվի պայմանագրի կատարման հետ կապված «Գազպրոմի» և «Էնջիի» միջև տարաձայնությունների պատճառով, թեև հայտարարության մեջ չի նշվում, թե ինչ տարաձայնություններ կան ընկերությունների միջև։
Ուկրաինայում ռուսական պատերազմի սկզբից ի վեր «Գազպրոմն» արդեն զգալիորեն կրճատել է ֆրանսիական ընկերությանը գազի մատակարարումը, որն այս ամիս կազմել է ժամում 1,5 տերավատ։ 2021 թվականին ռուսական պետական ընկերության կողմից Engie-ին մատակարարվող գազի ծավալը հասել է ժամում 121 տերավատտի։
Այս կապակցությամբ «Գազպրոմը» դեռ մեկնաբանություն չի արել։
Ֆրանսիայի էներգետիկայի նախարարն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանը բնական գազն օգտագործում է որպես պատերազմի զենք, և որ երկիրը պետք է պատրաստվի գազի դադարեցման վատագույն սցենարին։