Հոլանդական Ռոտերդամում ավարտված թենիսի ATP շարքի մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճեց աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը։
Եզրափակիչում 36-ամյա շվեյցարացի թենիսիստը 6։2, 6։2 հաշվով առավելության հասավ բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի նկատմամբ։ Մրցախաղը տևեց 56 րոպե։
Սա Ռոջեր Ֆեդերերի 97-րդ տիտղոսն էր կարիերայում և երկրորդն այս մրցաշրջանում։
Հիշեցնենք, որ Ռոտերդամի մրցաշարի կիսաեզրափակիչ հասնելու շնորհիվ Ռոջեր Ֆեդերերը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում կշրջանցի իսպանացի Ռաֆայել Նադալին և կդառնա աշխարհի առաջին ռակետ։
Փետրվարի 19-ին Ֆեդերերը կդառնա պատմության ամենատարեց առաջին ռակետը (36 տարեկան, 195 օրական): Նա կգերազանցի ամերիկահայ Անդրե Աղասիի ռեկորդը (33 տարեկան, 133 օրական):
Ռոջեր Ֆեդերերը ATP-ի դասակարգումն առաջին անգամ գլխավորել է 2004 թվականի փետրվարի 2-ին։ Նախորդ անգամ նա առաջին ռակետ եղել էր 5 տարի առաջ՝ 2012 թվականի հոկտեմբերի 4-ին։ Մինչև այս ոչ մի թենիսիստի չէր հաջողվել ATP-ն դարձյալ գլխավորել այդպիսի մեծ ընդմիջումից հետո։ Անդրե Աղասիին դա անել հաջողվել էր 3 տարի 142 օր անց։
Շվեյցարացի թենիսիստը նաև կթարմացնի ATP-ի վարկանիշային աղյուսակի առաջին տեղում գտնվելու սեփական ռեկորդը՝ այն հասցնելով նվազագույնը 304 շաբաթ։
Հեղինակ -
Edgar Barsegyan