Ռեզա Փահլավի. Ես կվերադառնամ Իրան, իմ քաջարի հայրենակիցներ, մեզ անհրաժեշտ է ձեր անհապաղ օգնությունը, ես հաստատում եմ շարժումը գլխավորելու իմ խոստումը
Ես կվերադառնամ Իրան։ Իմ քաջարի հայրենակիցներ, մեզ անհրաժեշտ է ձեր անհապաղ օգնությունը հիմա,- Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում ասաց Իրանի նախկին շահի որդին՝ Ռեզա Փահլավին։
Նա ասաց. «Իրանական ռեժիմը փլուզման եզրին է»։
«Իշխող ռեժիմը գալարվում է վիրավոր կենդանու պես՝ հուսահատորեն փորձելով պահպանել իշխանությունը, քանի որ այն փլուզման եզրին է։ Այսօր, երբ իմ հայրենակիցները կոչ են անում ինձ առաջնորդել, ես վերահաստատում եմ իմ խոստումը՝ միանալ այն շարժմանը, որը կազատի մեր երկիրը թշնամական հակաիրանական ուժից», – ասաց Ռեզա Փահլավին։
Բացի այդ, Փահլավին նշեց, որ աշխարհը պետք է անի վեց բան.
«Պաշտպանել Իրանի ժողովրդին՝ նվազեցնելով ռեժիմի բռնաճնշողական կարողությունները, իրականացնել և պահպանել ռեժիմի վրա առավելագույն տնտեսական ճնշում, ապահովել անսահմանափակ մուտք դեպի ինտերնետ, վտարել իրանցի դիվանագետներին մայրաքաղաքներից և իրավական միջոցներ ձեռնարկել մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատուների դեմ, պահանջել բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում, նախապատրաստվել Իրանում ժողովրդավարական անցմանը՝ պարտավորվելով ճանաչել օրինական անցումային կառավարությունը, երբ այդ պահը գա», – ասաց Ռեզա Փահլավին։
Ռեզա Փահլավին նաև նշեց, որ Իսլամական Հանրապետությունը Իրանի կառավարություն չէ, և որ այն վաղ թե ուշ կընկնի։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները բողոքի ցույցերի ժամանակ սպանել են հարյուրավոր մարդկանց։
«Սա այլևս պարզ բռնաճնշումներ չեն, սա կրոնական հագուստով օտարերկրյա օկուպացիա է։ Իսլամական Հանրապետությունը կընկնի», – հայտարարեց Ռեզա Փահլավին։