Reuters - Հայաստանը ԱՄՆ-ին կտրամադրի տարանցիկ միջանցքի զարգացման երկարաժամկետ բացառիկ իրավունքներ
Reuters - Հայաստանը ԱՄՆ-ին կտրամադրի տարանցիկ միջանցքի զարգացման երկարաժամկետ բացառիկ իրավունքներ

Ռոյթերսը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հաղորդում է, որ Հայաստանը ԱՄՆ-ին կտրամադրի տարանցիկ միջանցքի զարգացման երկարաժամկետ բացառիկ իրավունքներ։

Գործակալության տվյալներով՝ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը կստորագրեն շրջանակային համաձայնագիր, որը նաև ԱՄՆ-ին կտրամադրի Հարավային Կովկասում ռազմավարական տրանսպորտային միջանցքի զարգացման բացառիկ իրավունքներ։

«Ռոյթերսը» գրում է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կարող է վերափոխել Հարավային Կովկասը։ Այս տարածաշրջանը արտադրում է էներգիա և գտնվում է Ռուսաստանի, Եվրոպայի, Թուրքիայի և Իրանի միջև, որը հատվում է նավթատարներով, բայց տառապում է փակ սահմաններից և ձգձգվող էթնիկ հակամարտություններից»։

«Ռոյթերսի» հետ զրույցում Սպիտակ տան պաշտոնյաները նշում են, որ օգոստոսի 8-ին ստորագրվելիք շրջանակային համաձայնագիրը նպատակ ունի խաղաղության, կոնկրետ ուղու հասնելու և երկարատև տարանցիկ խնդրի լուծման։

Ինչպես գրում է «Ռոյթերսը», այս տարանցիկ երթուղին կոչվում է «Թրամփի ուղին դեպի միջազգային խաղաղություն և բարգավաճում» կամ TRIPP։

Գործակալությունը գրում է, որ այս երթուղին կգործի Հայաստանի օրենսդրության համաձայն, և Միացյալ Նահանգները վարձակալության կհանձնի հողը կոնսորցիումին՝ ենթակառուցվածքները կառուցելու և շահագործելու համար։

«Այս քայլը կբացահայտի տարածաշրջանի ներուժը առևտրային մեխանիզմների միջոցով և կօգնի կանխել ռազմական գործողությունները», – «Ռոյթերսի» հետ զրույցում ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։

Բացի այդ, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները կստորագրեն փաստաթուղթ, որով կպահանջվի Մինսկի խմբի լուծարումը։