Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասում է, որ Վլադիմիր Պուտինի հետ ծրագրված բանակցությունների արդյունքում կարող է վերականգնվել սեւծովյան հացահատիկի նախաձեռնությունը
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասում է, որ Վլադիմիր Պուտինի հետ ծրագրված բանակցությունների արդյունքում կարող է վերականգնվել սեւծովյան հացահատիկի նախաձեռնությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ծրագրված բանակցությունների արդյունքում կարող է վերականգնվել սեւծովյան հացահատիկի նախաձեռնությունը։

Էրդողանը կոչ է անում արեւմտյան երկրներին դիտարկել Ռուսաստանի պահանջները:

«Սևծովյան հացահատիկի համաձայնագրի դադարեցումը կունենա մի շարք հետևանքներ՝ սկսած պարենային ապրանքների համաշխարհային գների բարձրացումից մինչև որոշակի տարածաշրջաններում դեֆիցիտի և միգրացիայի հնարավոր նոր ալիքների: Կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ հիմնովին քննարկելով այս հարցը՝ մենք կարող ենք ապահովել այդ մարդասիրական ջանքերի շարունակությունը։ Մենք գիտենք, որ նախագահ Պուտինը ևս որոշակի ակնկալիքներ ունի արևմտյան երկրներից, և այս երկրների համար վճռորոշ է միջոցներ ձեռնարկել այս հարցում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը։

Այս շաբաթ Ռուսաստանը որոշեց դուրս գալ «Հացահատիկի համաձայնագրից», որը թույլ էր տալիս անցած տարվա ընթացքում ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանումը Սև ծով։ Մոսկվան ասում է, որ կվերադառնա գործարքին միայն այն դեպքում, եթե իր պահանջները բավարարվեն՝ մեղմացնելու սննդամթերքի և պարարտանյութի արտահանումը համաշխարհային շուկաներ: