Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Բանակցությունները տեղի են ունեցել Ստամբուլի Դոլմաբահչե պալատում։
Թուրքիայի հաղորդակցության վարչության հայտարարության համաձայն՝ հանդիպման ժամանակ քննարկվել են Թուրքիայի և Հայաստանի միջև շփումները, Հարավային Կովկասում խաղաղության և երկխոսության գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները։
«Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը շեշտել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության բանակցություններում ձեռք բերված կոնսենսուսի կարևորությունը և հայտարարել, որ Թուրքիան կշարունակի աջակցել տարածաշրջանային զարգացմանն ուղղված ջանքերին։ Կողմերը քննարկել են նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկվելիք հնարավոր քայլերը։ Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան օգտագործում է բոլոր դիվանագիտական միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար, և շարունակում է համագործակցել այլ առաջնորդների հետ՝ կանխելու Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների հետևանքով առաջացած բռնության պարույրից բխող ռիսկերը», – ասվում է հայտարարության մեջ։
Ըստ Թուրքիայի նախագահի գրասենյակի՝ հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը։
Նիկոլ Փաշինյանը իր առաջին աշխատանքային այցն էր կատարում Թուրքիա։