Պուտինն ընտրեց պատերազմը, աշխարհը Ռուսաստանին պատասխանատվության կենթարկի. Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Ռուսաստանի չարդարացված և անհիմն հարձակումն Ուկրաինայի վրա, – այս մասին Ջո Բայդենը հայտարարել է, այն բանից հետո, ինչ լուրեր են տարածվել Ուկրաինայում պայթյունների մասին:
«Նախագահ Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմ, որը կհանգեցնի մարդկային աղետալի կորուստների և տառապանքների»,- ասել է Բայդենը։
Ըստ Միացյալ Նահանգների նախագահի՝ «Միայն Ռուսաստանն է պատասխանատու մահերի և ավերածությունների համար, որոնք կբերի այս հարձակումը, և ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն ու գործընկերները կպատասխանեն միասնական և վճռական կերպով»։
«Աշխարհը Ռուսաստանին պատասխանատվության կենթարկի»,- ասել է Բայդենը։
ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ հինգշաբթի երեկոյան նա կդիմի ամերիկացի ժողովրդին և կհայտարարի հետագա հետևանքների մասին, որոնք Վաշինգտոնը և նրա դաշնակիցները կընդունեն Ռուսաստանի դեմ՝ «Ուկրաինայի և համաշխարհային խաղաղության ու անվտանգության դեմ անիմաստ ագրեսիայի պատճառով»։
«Մենք համակարգման մեջ կլինենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ՝ ապահովելու ուժեղ, միասնական պատասխան, որը կզսպի Դաշինքի դեմ ագրեսիան»,- ասել է Բայդենը։