Փիթ Հեգսեթն աշխատակիցներին հանձնարարել է օգտագործել վերջին հետախուզական և կիբեռհնարավորությունները՝ օտարերկրյա միջամտությունը հայտնաբերելու և չեզոքացնելու համար
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն իր ենթականերին հանձնարարել է օգտագործել վերջին հետախուզական և կիբեռհնարավորությունները՝ օտարերկրյա միջամտությունը հայտնաբերելու, կանխելու և չեզոքացնելու համար։
Ինչպես գրում է «Axios»-ը, սա կապված է միջանկյալ ընտրությունների մոտենալու հետ։ Պաշտոնատար անձանց խոսքով՝ միջոցառումներում ներգրավվելու են նաև արհեստական բանականության վերջին հնարավորությունները։
Հեգսեթի կողմից սեպտեմբերի 22-ին հաստատված հուշագրի համաձայն՝ նախարարը հանձնառություն է ստանձնում պայքարել օտարերկրյա միջամտության դեմ և պաշտպանել ժողովրդավարական ազատությունները։
Հուշագիրը ներառում է երեք հրահանգ, այդ թվում՝ ուշադրություն պետք է դարձվի պաշտպանական գերատեսչության հետախուզական և կիբեռհնարավորությունների վրա, որպեսզի ապահովվի, որ օտարերկրյա սուբյեկտները չմիջամտեն ժողովրդավարական համակարգերին։
Ինչպես նաև, Պաշտպանության դեպարտամենտի հետախուզական համակարգը պետք է օգտագործվի ընտրությունների դեմ ուղղված օտարերկրյա սպառնալիքների մասին տեղեկատվություն հավաքագրելու և մշակելու համար՝ օրենքին, նորմատիվ ակտերին և գործադիր իշխանության ցուցումներին համապատասխան։
Հուշագրի համաձայն՝ ընտրությունների դեմ ուղղված օտարերկրյա կիբեռսպառնալիքներին հակազդելու համար Կիբեռհրամանատարությունը և Ներքին անվտանգության դեպարտամենտը պետք է իրականացնեն համատեղ գործողություններ։