Պետր Պավել - Մենք ուզում ենք, որ Ուկրաինան գոյատևի որպես ինքնիշխան երկիր, եթե գոյատևման գինը նրա տարածքի մի մասի ժամանակավոր օկուպացիան է, ապա ինչ արած, մենք երբեք չենք ճանաչի այդ տարածքները որպես Ռուսաստանի Դաշնության մաս
Չեխիայի նախագահ Պետր Պավելը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքի մի մասի ժամանակավոր օկուպացիան համարում է իր գոյատևման ընդունելի գին։ Չեխիայի նախագահի խոսքով՝ Ուկրաինայի տարածքի մի մասի ժամանակավոր ռուսական օկուպացիան կարող է լինել Ուկրաինայի՝ որպես ինքնիշխան պետության գոյատևման գինը։
Պետր Պավելի խոսքով՝ Արևմուտքի կողմից անարդար կլինի ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ անհապաղ ազատագրելու բոլոր օկուպացված տարածքները։ Չեխիայի պետության ղեկավարի խոսքով՝ Ուկրաինան ներկայումս այն իրավիճակում չէ, որ մոտ ապագայում կարողանա ազատագրել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքները, նույնիսկ Արևմուտքի աջակցությամբ, առանց մեծ մարդկային կորուստների։
«Մենք ուզում ենք, որ այն գոյատևի որպես անկախ, ինքնիշխան երկիր։ Եթե նրա գոյատևման գինը նրա տարածքի մի մասի ժամանակավոր օկուպացիան է, ապա թող այդպես լինի։ Մենք երբեք չենք ճանաչի այդ օկուպացված տարածքները որպես Ռուսաստանի Դաշնության մաս», – ասել է Պետր Պավելը։
Չեխիայի նախագահը կարծում է, որ անհրաժեշտ է շարունակել Ուկրաինային ռազմական օգնությունը, չնայած, ըստ նրա, անհնար է հաղթել պատերազմը մարտադաշտում։ Պետր Պավելը կարծում է, որ Մոսկվային բանակցությունների սեղանի շուրջ նստելու ստիպելու ավելի հզոր գործիք Եվրոպայի և Միացյալ Նահանգների տնտեսական ճնշումն է։
«Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի շահերից է բխում Ռուսաստանի վրա շատ ավելի մեծ տնտեսական ճնշում գործադրելը։ Այս ճնշումը շատ արդյունավետ է համոզելու առումով։ Ես կարծում եմ, որ հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսության ներկայիս վիճակը, ռուսները երկար ժամանակ չեն կարողանա դիմանալ տնտեսական ճնշմանը։ Հետևաբար, վաղ թե ուշ, եթե այդ միջոցառումները կիրառվեն, Ռուսաստանը այլընտրանք չի ունենա, քան նստել բանակցությունների սեղանի շուրջ, ինչից նա մինչ օրս հրաժարվում է», – նշել է Չեխիայի նախագահը։